Արցախում ծառայող զինվորներն օրեր առաջ հերթական նամակները ստացան մանկատների, գիշերօթիկ դպրոցների եւ երեխաների խնամքի կենտրոնների սաներից:

Պարբերաբար անցկացվող «Նամակ զինվորին» նախաձեռնության հեղինակը ԱՀԹ «Արարատ» երիտասարդաց միությունն է: Գաղափարն առաջացել է 2014թ. օգոստոսին դիվերսիոն հարձակումների ժամանակաշրջանում:

«Մենք դիրքերում իրենց հետ լինելու հնարավորություն չունեինք, երեխաները որոշեցին ոգեւորող նամակներ գրել զինվորներին: Զինվորները յուրաքանչյուր նամակին շատ եղբայրաբար եւ մեծ սիրով են պատասխանում: Այդ երեխաներն իրենց համար ավագ եղբայրներ, հերոսներ ու իդեալներ գտան, իսկ տղաների համար այդ նամակները մեծ ոգեւորության առիթ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի համակարգող Մարիա Բաղդասարյանը:

Մարտակերտի զորամասի ժամկետային զինծառայողներից Արամ Սահակյանի խոսքով՝ ԱՀԹ-ի «Նամակ զինվորին» ծրագիրն ամրապնդում է բանակ-հասարակություն կապը:

«Ես շատ ուրախ եմ, որ մեր հասարակությունը ուզում է շփվել մեզ հետ եւ մեզ չի մոռանում: Մենք էլ իրենց շատ սիրում ու ընդունում  ենք: Զինվորության համար այդ մի նամակն էլ շատ մեծ բան է: Ընտանիքի ջերմության պես մի բան զգացի այդ նամակը ձեռքս վերցնելով, պատասխանելուց ավելի հաճույքով եւ մեծ սիրով եմ պատասխանել, նույնիսկ հասցես եմ գրել, որ պետք լինելուց ինձ գտնի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արամը: