Արարատի մարզի Վարդաշեն գյուղի 61-ամյա բնակիչ Վահագն Հակոբյանը արդեն 24 տարի է, ինչ իր ընտանիքի հանապազօրյա հացը վաստակում է մայրաքաղաքի եւ Հայաստանի այլ քաղաքների բակերում քամանչա նվագելով եւ երգելով:

NEWS.am-ի հետ զրույցում տարեց երաժիշտը պատմեց, որ բակերում ելույթ ունենալը պայմանավորված է նրանով, որ այստեղ ավելի շատ մարդիկ են գումար տալիս, քան մարդաշատ հասարակական վայրերում:

«5-րդ դասարանից քամանչա եմ նվագել, նաեւ երգել եմ սովորել, իսկ այս աշխատանքով սկսել եմ զբաղվել Սովետի փլուզումից հետո»,-ասաց երգիչը՝ նշելով, որ մայրաքաղաքից բացի ինքը նվագում եւ երգում է Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում, Կապանում եւ այլ քաղաքներում:

61-ամյա երաժիշտը երգում է իր հեղինակած, հայտնի հայ աշուղների երգերը, նաեւ իտալական ռոմանսներ: