Նախագահական նստավայրի մոտ այսօր՝ մայիսի 13-ին, բանակում մահացած զինծառայողների մայրերի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ծառայողական քննություն է սկսվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ տեղեկացնելով, որ ուսումնասիրվում է միջադեպի տեսանյութը։
Բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն բողոք են ներկայացրել ոստիկանություն։
«Մենք բողոք ենք ներկայացրել ոստիկանություն, քանի որ ոստիկանները բռնի ուժով, մեր ձեռքերը կապտացնելով՝ ինձ ու Նանային քաշքշելով տարան դիմացի մայթ եւ ասացին, որ մենք իրավունք չունենք կանգնել նախագահականի մայթին։ Մինչեւ հիմա մեր ձեռքերի վրա կապտուկները կան»,-ասաց տիկին Իրինան։
Նա նշեց, որ ոստիկանությունից իրենց դատաբժշկի ուղեգիր են տվել։
«Մենք այսօր էինք ուզում գնալ դատաբժշկի մոտ, սակայն մեզ վաղվա համար են ուղեգիր գրել, երեւի հույս ունեն, որ կապտուկները կանցնեն, բայց մենք նկարել ենք էդ կապտուկները»,-ասաց նա։
Տիկին Իրինան ասաց, որ իրենք նոյեմբերի 26-ին նամակով դիմել են նախագահին իրենց զավակների գործերը վերանայելու եւ արդար քննություն ապահովելու խնդրանքով, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել։ Մահացած զինծառայողների մայրերը պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում նախագահականի մոտ՝ պահանջելով պատասխանել իրենց նամակին։
Նշենք, որ արդեն մի քանի տարի է` խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը կառավարության նիստերի օրերին հավաքվում էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արդարացիորեն քննել իրենց երեխաների գործը եւ պատժել իրական մեղավորներին, սակայն որեւէ արդյունքի չեն հասել։
Տեսանյութը՝ epress.am-ի











