Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ նախագահի նստավայրի առջեւ, ճաղավանդակների մոտ  խաղաղ հավաք էին իրականացնում եւ իրենց բողոքն արտահայտում  բանակում սպանված զինվորների ծնողները: Նրանք նախագահի աշխատակազմից պահանջում էին պատասխան ամիսներ առաջ տրված դիմումին` իրենց զավակների սպանությունների  գործերի վերանայման եւ արդարացի քննության վերաբերյալ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի խաղաղ հավաքների դիտորդական խումբը հայտնում է, թե հենց սկզբից, երբ մայրերը մոտեցան ճաղավանդակներին, ոստիկանները, մոտ 10  հոգի, նրանց ետ հրեցին եւ հետագա 15 րոպեների ընթացքում,  պարբերաբար ուժ կիրառելով եւ գոռգոռալով, ստիպում էին հավաքի մասնակիցներին անցնել հանդիպակաց մայթ:

Ոստիկանները շարունակում էին հրել ցուցարարներին դեպի փողոցի երթեւեկելի հատված, մայրերը չէին ցանկանում շարժվել: Այս ընդհարումը շարունակվեց որոշակի ժամանակ, մինչեւ ոստիկաններին հաջողվեց ստիպել ցուցարարներին լքել մայթը: Մայրերից վերջինը, ով մնացել էր մայթի վրա ոստիկանների կողմից կոպտորեն, ուժի կիրառմամբ տեղափոխվեց դիմացի մայթ:

Հավաքի մասնակիցները հայտնեցին, որ ստացել են բազմաթիվ կապտուկներ ոստիկանների հետ տեղի ունեցած ընդհարման արդյունքում: