«Նաիրիտ» գործարանի ներկայիս եւ նախկին աշխատակիցներն այսօր՝ մայիսի 19-ին, կրկին հավաքվել են Բաղրամյան 26-ի դիմաց եւ պահանջում են իրենց աշխատավարձերի պարտքի մարում եւ գործարանի վերագործարկում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Նախագահական նստավայրի մոտ հավաքվել են մոտ 100 նաիրիտցիներ: Քիչ առաջ ցուցարարներին միացավ նաեւ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, որն իր աջակցությունը հայտնեց նրանց:

«Ես առաջարկում եմ նաիրիտցիներին ստեղծել հատուկ հանձնախումբ, որը կմշակի հատուկ ծրագիր, որով հնարավոր կլինի կարճ ժամկետներում վճարել նաիրիտցիների աշպատավարձերը, ինչպես նաեւ կլուծի գործարանի վերագործարկման խնդիրը: Ես խոսել եմ Երվանդ Զախարյանի տեղակալի հետ, եւ նրանք խոստացել են, որ ավելի մանրամասն կքննեն հարցը»,- լրագրողներին ասաց Անի Զախարյանը:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: