«Հիմնադիր խորհրդարանի» մեկ տասնյակ անդամներն այսօր՝ մայիսի 20-ին, քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ նրանք նկատմամբ հետապնդումները դադարեցնելու պահանջով, նամակներ են հանձնում Հայաստանում մի քանի դեսպանատներին եւ միջազգային կառույցներին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները յուրաքանչյուր կառույցի մոտ կարճատեւ ակցիա են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին:

«Նախաձեռնության նպատակն է միջազգային կառույցներին եւ դեսպանատներին ասել, որ Հայաստանում ժողովորդավարության խնդիր կա եւ իշխանությունների կողմից վերականգնվում է ստալինյան բռնաճնշումներին հատուկ գործելաոճը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն այսօր կալանքի տակ են:

Նրա խոսքով՝ Հայաստանյան իշխանությունները կարեւորում են միջազգային կառույցների արձագանքը երկրում առկա խնդիրներին եւ հնարավոր է, որ այս անգամ էլ «լսեն» նրանց եւ քաղբանտարկյալներին ազատ արձակեն:

«Մեր պետությունը կախված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի իշխանություններից եւ ցանկացած արձագանք նրանց կազմակեպությունների կողմից ծանր են տանում եւ չեն կարողանում անարձագանք թողնել: Դա է վկայում մեր «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ազատությունը, որին նախորդեց հասարակության եւ միջազգային կառույցների արձագանքը»,- նշեց Վարդան Հակոբյանը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները այսօր նամակներ են հանձնում ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանատներին, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի, Եվրամիության եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակներին: