Եթե որեւէ մեկի մեղքն ապացուցվի, նրան կմեղադրենք օրենքին համապատասխան։ Այս մասին մայիսի 21-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հարցին եւ մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանդեպ հասարակության վերաբերմունքը։
«Եթե մեղքը ապացուցվի, գործը կպատրաստենք եւ կներկայացնենք դատարան։ Սակայն եթե ապացուցվի, որ մարդն անմեղ է, ես մեղադրանք չեմ պատրաստի, ինչպես էլ որ հասարակությունը այդ մարդուն վերաբերվի։ Եթե մեղքը ապացուցվի յուրաքանչյուրին քրեական պատասխանատվության կենթարկենք։ Կոնկրետ այս դեպքում, եթե մեղքը ապացուցվի, մեղադրական կողմից հանդես եմ գալու կոնկրետ ես։ Եթե մարդը մեղավոր է, նրան կդատեն, ցանկացած Սուրիկ Խաչատրյան էլ որ դա լինի։ Վստա՛հ եղեք»,- ասաց Կոստանյանը։











