2014 թվականին Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված Արեւելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում՝ մայիսի 25-ից 27-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ «Ռազմավարական կառավարում. Ոստիկանական կառավարման ստանդարտներ» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար, որի անցկացման նպատակով Երեւան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մարդկային ռեսուրսների զարգացման վարչության փորձագետները:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, ով նախ ողջունեց միջոցառման մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնեց մասնակցության հրավերն ընդունելու համար, ապա կարեւորելով եվրոպական երկրների հետ ոստիկանական սերտ փոխհամագործակցությունը՝ հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կլինեն արդյունավետ եւ կիրառելի ամենօրյա աշխատանքում: Նման դասընթացների կազմակերպումը հատկապես կարեւոր են ոստիկանության համակարգում ղեկավարների մասնագիտական պատրաստականության կատարելագործման համար:

ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Սեդրակյանը ներկայացրեց Եվրոպական Հանձնաժողովի կողմից նախաձեռնած Արեւելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագիրը, որը նախատեսված է 2015-2017 թվականների համար: Ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ ոստիկանական համագործակցության զարգացմանը հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում: Այդ նպատակով առանձնացվել են առաջնային ուղղություններ եւ ծրագրի շրջանակներում ոստիկանության ծառայողների համար կկազմակերպվեն մի շարք վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ եւ ուսումնական այցեր:

Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: