Սյունիքի մարզի Հալիձոր համայնքը Տաթեւի վանական համալիրին կապող՝ աշխարհի ամենաերկար «ՏաԹեւեր» ճոպանուղու այցելուների թիվը, կանխատեսվում է, որ այս տարի կավելանա: Ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի 100 հազարից ավելի այցելուի են սպասում:

«Ճոպանուղու բացումից հինգ տարի է անցել եւ տարեցտարի զբոսաշրջիկների աճ ենք գրանցում:  Ամեն տարի Տաթեւի վանական համալիր մոտ տասնյակ հազարավոր մարդիկ են այցելում, մինչդեռ հինգ տարի առաջ այցելում էր 1000 մարդ: Այս ստարի կանխատեսում ենք տուրիզմի 15 տոկոս աճ: Տարածաշրջան այցելողներն էլ հիմնականում ճոպանուղիով ու վանական համալիրով են հետաքրքված»,- ասաց նա՝ նշելով, որ նախորդ տարի ճոպանուղին 92 հազար այցելու է ունեցել:

Ճոպանուղին, որն ամռանն աշխատում է առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան 9-ը, օրական 2000 մարդու սպասարկելու հնարավորություն ունի: 5752 մետր երկարությամբ ճոպանուղին, որի առավելագույն արագությունը ժամում 37 կմ է, մեկ կայանից մյուսն է հասնում 12 րոպեում: Դրա ամենաբարձր կետը 320 մետրն է, այն անցնում է որոտանի կիրճով որտեղ եւրեւում են «Սատանայի կամուրջը», «Հարսնաձորի դիտակետը»: