Հայաստանի մայրաքաղաքում եւ մարզերում այսօր՝ հունիսի 9-ին, 1860 դիմորդ ընդունելության միասնական քննություն է հանձնում «Ֆիզիկա» առարկայից: Քննության մեկնարկին Երեւանի պետական համալսարանում բացված քննական կենտրոն էր այցելել կրթություն եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: (ֆոտոռեպորտաժ)

Նախարարը զրուցեց դիմորդների հետ, հարցրեց, թե որտեղ են պատրաստվում ընդունվել, բողոքներ ունեն, թե ոչ: Աշոտյանը կատակով հարցրեց՝ արդյոք բոլորը ֆիզիկոսներ են պատրաստվում դառնալ եւ բժշկի մասնագիտությունը ընտրող չկա: Դիմորդներից մեկը նախարարի հարցից հետո բարձրացրեց ձեռքը, ինչին Աշոտյանն արձագանքեց. «Այն հույսով բարձրացրիր, որ առանց քննությա՞ն ենք ընդունելու: Բժի՞շկ ես ուզում դառնալ, թե՞ նախարար, բայց առողջապահության, քանի որ կրթությանը զբաղված է»:

Նախարարը հետաքրքրվեց՝ կա դիմորդ, որի ՎԵրջին զանգի արարողությանն ինքը ներկա է եղել։ Դիմորդներից մեկի դրական արձագանքը ստանալուց հետո նա կատակեց. «Մենք ո՞նց էինք պայմանավորվել. ես գալու եմ, դուք ինձ աչքով տաք, որ բոլորը մտածեն, որ ծանոթ ենք»։

Դիմորդը նախարարից խնդրեց Վերջին զանգի արարողության ժամանակ նախարարի բջջային հեռախոսով արված իրենց լուսանկարը։ Աշոտյանը խոստացավ ֆեյսբուքյան անձական նամակով դրանք ուղարկել, եթե դիմորդը լավ հանձնի քննությունը։ 

Նշենք, որ դիմորդները ընդունելության միասնական  քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու» առարկաներից:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am