ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը քննական կենտրոններում տեղադրված մոնիտորներից դժգոհող ծնողներին խորհուրդ է տալիս ավելի քիչ անհանգստանալ եւ հետաքրքրվել, թե քննության ընթացքի ժամանակ ինչ է կատարվում քննասենյակներում: (ֆոտոռեպորտաժ)
Այսօր՝ հունիսի 9-ին, «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը ԵՊՀ-ում բացված քննական կենտրոն այցելած նախարարը ծնողներից մեկի հարցին, թե երբ այնպիսի մոնիտորներ կտեղադրվեն, որ բոլորով կարողանան հետեւել քննության ընթացքին, այսպես արձագանքեց. «Ե՞րբ կգա այն ժամանակը, որ դուք չգաք քննությունների: Այդ ժամանակը պետք է գա, ոչ թե մոնիտոր դրվի: 5 տարի առաջ պատուհանների տակ կագնած ծնողների թիվը քննության ժամանակ ավելի շատ էր, քան հիմա: Կամաց-կամաց դա վերանում է: Հիմա մնացել են ավելի անհանգիստները»:
Նախարարը համբերություն մաղթեց ծնողներին՝ կատակելով, որ իր «ոտքը թեթեւ է, դեմքը՝ բարի». «Ոտքս թեթեւ է, 7-րդ տարի է՝ գալիս եմ, 90 տոկոսն ընդունվում է: Կարծում եմ՝ լավ ցուցանիշ է. 7 տարին չէ, 90 տոկոսը»:
Նշենք, որ այսօր 1860 դիմորդ քննություն հանձնեց «Ֆիզիկա» առարկայից:
Նշենք, որ դիմորդները ընդունելության միասնական քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու» առարկաներից:
.jpg)

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











