«Ալյանս» կուսակցության երիտասարդական թեւի մոտ 100 անդամներ այսօր՝ հունիսի 10-ին, հավաքվել են Հանրապետության հրապարակում գտնվող Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության դիմաց՝ բողոքելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հարվածել է ժողովրդի գրպանին:  Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ներկա իրավիճակը ծնող պատճառներին՝ նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ ոլորտում գողություն է կատարվել, սակայն ասել է, որ  գողության փաստերը չի տիրապետում: Դա պետք է համապատասխան ընթացք ունենա: Մենք հիմա պահանջում ենք, որ նախարարը պատասխան տա իր հայտարարության համար: Եթե նա խոսել է այդ մասին առանց փաստերին տիրապետելու , պետք ենթարկվի պատասխանատվության , եթե ոչ ու կան փաստեր, ապա դատախազությունը պետք է զբաղվի այդ հարցով եւ գործ հարուցի գողության մասով: Պարոն նախարարը խոսում է փաստերի մասին, բայց ասում է, որ դրանց չեք տիրապետում, բա ո՞վ պետք է տիրապետի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության երիտասարդական թեւի խորհուրդի անդամ Նարեկ Ալոյանը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Երվանդ Զախարյանը իջնի եւ պատասխան տա իր արտահայտության համար: Նրանք իրենց հետ նախարարին որպես նվեր են բերել քրեական օրենսգիրքը:

Երիտասարդները իրենց հետ բերել են նաեւ «Պատժենք գողերին» եւ «Ոչ թալանին» գրությամբ պաստառներ եւ եռագույն դրոշներ:

Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում էր սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ներկայացրել է որոշման նախագիծ, որի համաձայն հոսանքը կթանկանա 6,93 դրամով: Հունիսի 17-ին հանձնաժողովը կհաստատի որոշումը: