«Ալյանս» կուսակցության երիտասարդական թեւի մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնք այսօր՝ հունիսի 10-ին, բողոքի ակցիա էին անցկացնում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության դիմաց, «Քրեական օրենսգիրք» նվիրեցին նախարարին:

Երիտասարդները, որոնք հավաքվել էին նախարարից պահանջելու պատասխան տալ իր արած այն հայտարարության համար, որ ՀԷՑ-ում գողություն է կատարվել, սակայն դրա մասին փաստեր չկան, NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ օրենսգրքում առանձնացրել են այն կետերը, որոնք փաստում են այն մասին, որ նախարարի հայտարարությունն իրականում  հաղորդում է եղել հանցագործության մասին:

«Նշել ենք գրքում այն հոդվածները, որոնք ցույց են տալիս, թե նախարարի ասած գողություն բառն ինչ է նշանակում: Նախարարը, որը հետո ասում է՝ ես դա նկատի չունեի, պետք է պատասխան տա իր խոսքերի համար: Դատախազը նախարարի հայտարարությունը պետք է ընդուներ որպես հաղորում հանցագործության մասին եւ գործ հարուցեր: Բացի այդ նախարարը լրջանալու կարիք ունի, թող հասկանա, թե ինքը ինչ նկատի ուներ ասելով գողություն»,- ասաց կուսակցության երիտասարդների միության խորհուրդի անդամ Հարություն Մկրտչյանը՝ նշելով, որ իրենք պահանջում են պատժել այն «գողերին», որոնք կատարել են նախարարի նշած «գողությունը» եւ չթանկացնել էլեկտրաէներգիան:

Բողոքի ակցիա մասնակիցները որոշ ժամանակ «նախարար» վանկարկելուց եւ ապարդյուն  նրա հետ հանդիպում պահանջելուց հետո օրենսգիրքը հանձնեցին նախարարության աշխատակցին՝ ավարտելով բողոքի ակցիան: Նրանք բողոքի ակցիա են նախատեսում նաեւ դատախազության շենքի եւ այլ կառույցների դիմաց:

Հիշեցնենք, որ նախարարը հայտարարել էր, որ ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտը հիմնավոր է, պատճառների շարքում էլ նշել էր վատ կառավարումն ու գողությունը։ Որոշ ժամանակ անց նա հայտարարել էր, որ ՀԷՑ-ում տեղի ունեցած գողության մասին փաստեր չկան:

Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում էր սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ներկայացրել է որոշման նախագիծ, որի համաձայն հոսանքը կթանկանա 6,93 դրամով: Հունիսի 17-ին հանձնաժողովը կհաստատի որոշումը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am