Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, որոնց բակում նախորդ օրը ճոճանակի ընկնելու հետեւանքով 12-ամյա երեխա է մահացել, պնդում են, որ այն շրջվել է ոչ թե սխալ շահագործման, այլ հիմքին թույլ ամրացված լինելու պատճառով:

«Բա ճոճանակն այդպե՞ս են ամրացնում, որ երեխաների մեծ արագությամբ շարժելուց հիմքից դուրս գա: Մեր բակում էլի կարուսելներ կան, որոնք վատ վիճակում են. մի օր էլ դրանք կդառնան մի դժբախտության պատճառ»,- դեպքի վայր այցելած՝ NEWS.am-ի թղթակցին ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչները պատմեցին, որ արդեն 5 տարի է՝ ճոճանակներն իրենց բակի խաղահրապարակում են, սակայն ոչ մի անգամ վերանորոգման չեն ենթարկվել: Այնուամենայնիվ, իրենք մտավախություն չեն ունեցել, որ կարող է դժբախտություն պատահել ու, ինչպես ամեն օր, դեպքի օրը երեխաները խաղալիս են եղել բակում:

«Նստած էի, աղմուկ լսեցի, գնացի տեսա՝ ծանր ձողն ընկել է խեղճ երեխայի գլխին, երեխան էլ մեջքի վրա պառկած էր: Զանգեցինք «Շտապօգնություն», այդպես էլ չեկավ: Ստիպված տղաներից մեկը իր սեփական մեքենայով երեխային տեղափոխեց հիվանդանոց, որտեղ էլ  մահացել էր»,- NEWS.am-ին պատմեց բակում աշխատող կոշկակարը:

Բնակիչները պատմեցին, որ երեխաները 4 հոգով են նստած եղել երկու ճոճանակի նստարաններին: Նրանք ասել են, որ զգացել են՝ ինչպես է ճոճանակը շրջվում եւ հասցրել են իջնել փախնել, իսկ 12-ամյա աղջիկը, որի գլխին ընկել է ճոճանակը, չի հասցրել հեռանալ:

Նշենք, որ երեխային տեղափոխել էին «Մալաթիա» ԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՔՕ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (մանկահասակների համար նախատեսված՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):