Վրաստանի մայրաքաղաքի կենդանաբանական այգու փրկված կենդանիներին փոխադրել են այգու վերին հատվածի ազատավանդակներ: Այս մասին հայտնել է այգու հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Մզիա Շարաշիձեն:
Նրա խոսքով, փրկված կենդանիների թիվը մեծ չէ. փրկվել են այն կենդանիները, որոնք գտնվել են վերին հատվածների ազատավանդակներում, հիմնականում՝ կճղակավորներ:
Ըստ «Գրուզիա Online»-ի, հայտնի է, որ փրկվել են գետաձի, որին փոխադրել են փղի ազատավանդակ, ինչպես նաեւ փղեր, լամաներ, եղնիկներ, սիրամարգ, զեբրեր, այծեր, ձիեր, պոնի, մի շնագայլ, 2-3 գայլ, առյուծների մի մասը, հովազներ, ռնգեղջյուր եւ 2-3 պինգվին (վերջինները 17-ն են եղել):
Թբիլիսիում ջրհեղեղը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը: Դեռեւս բարդ է Թբիլիսիի Վակե-Սաբուրթալո մայրուղու հարեւանությամբ իրադրությունը, որտեղ գիշերը մասնավոր բնակելի շինությունները հայտնվել են Վերայի ձորում:











