Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ նախօրեին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից հետո փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, այսօր՝ հունիսի 15-ին հերթական սատկած կենդանուն են հայտնաբերել:
Թբիլիսիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փրկարարները կենդանաբանական այգու տարածքից՝ արմատախիլ եղած ծառերի եւ ավերակների տակից դուրս են բերել սատկած կատվազգու։
Փրկարարներին հաջողվել է նաեւ ավերակների տակից հանել ողջ մնացած կոկորդիլոսին, որին տեղավորել են ակվարիումում: Որոնողական աշխատանքները Թբիլիսիում շարունակվում են:
Կենդանաբանական այգու հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Մզիա Շարաշիձեն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ այգին կարգի բերելու համար: Նրա խոսքով՝ առայժմ անհրաժեշտ է մաքրել կենդանաբանական այգու տարածքը, ապա կենդանիների հաշվարկ անցկացնել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում աննախադեպ տեղատարափից հետո տեղի է ունեցել ջրհեղեղ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, կա 16 անհետ կորած, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Հեղեղվել էր նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:











