Սնանկացած «Արմավիա» ընկերության օդաչուները սպասում են իրենց աշխատավարձի պարտքերի վճարմանը, իսկ ընկերության նախկին սեփականատերն ապրում է միլիարդատիրոջ պես: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Այդ մարդը (Միխայիլ Բաղդասարով-խմբ) ամեն մարդուց գրպանել է 10 հազար դրամ: Նա տարիներով օդից փող է շինել (խոսքն օդային սահմանը հատելու համար նախատեսված հարկն է, որը առաել հայտնի է «օդի հարկ» անվանումով-խմբ): Հիմա նրա ընկերությունը սնանկացել է, բայց նա ապրում է բոլորովին ոչ սնանկացած մարդու վիճակում»,-ասել է Զոհրաբյանը:

Ի պատասխան Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ իր լիազորությունների մեջ չի մտնում այս կամ այն գործարարի անձնական ունեցվածքին հետեւելը: «Իսկ Ձեր նշած խնդիրը լուծվում է հանրապետության օրենսդրության համաձայն»,-վստահեցրել է նախարարը:

Հիշեցնենք, որ «Արմավիան» դադարեցրել է թռիչքները 2013-ի ապրիլի 1-ից՝ հայտարարելով սնանկության մասին: