Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին հասցված վնասը կարող է կազմել ավելի քան 100 մլն լարի (45 մլն դոլար)։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։
«Պատկերն ամեն օր փոխվում է, եւ վնասի չափը ենթադրաբար կհասնի 100 մլն լարիի։ Վնասը բավական մեծ է, եւ մենք ակտիվորեն աշխատում ենք դոնորների հետ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Հունիսի 16-ի դրությամբ Վրաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին 15 զոհի մասին։ Այնուհետեւ մամուլում հրապարակումներ հայտնվեցին եւս 2 զոհի մասին։ Ենթադրաբար անհետ կորած է համարվում 5 մարդ։
Թբիլիսիում եղանակի վատթարացում է սպասվում, ուստի մարդկանց տարհանում են Վերե կիրճից, որտեղ մաքրման աշխատանքներ էին իրականացնում ոչ միայն պաշտոնական կառույցները, այլեւ կամավորները։











