«Վերնիսաժում» ամենացանկալի գնորդներն ամերիկացիներն են. նրանք չեն սիրում «գին իջեցնել»։ Պարսիկները նրանց հակապատկերն են. միշտ փորձում են էժանացնել ապրանքը եւ որակին ուշադրություն չեն դարձնում։
«Վերնիսաժը» աշխարհի սակավաթիվ վայրերից է, որտեղ «սիրում են» ռուս զբոսաշրջիկներին. նրանք գնահատում են ձեռքի աշխատանքը։
«Չենք սիրում, երբ պարսիկները գալիս են առևտրի, անգամ 500 դրամանոց ապրանքի գինը փորձում են իջեցնել և դարձնել 300 դրամ: Ինչքան զիբիլ կա, առնում, տանում են էժան-էժան: Այ, հալալ է ռուսներին ու ամերիկացիներին, գալիս են, սիրուն, ինչ գին ասում ենք, վերցնում են ապրանքը, հասկանում են, որ ձեռքի աշխատանքներ են, թանկ արժեն, կարևորը՝ չեն փորձում դրանք էժանացնել»,-ասաց աշխատակիցներից Արսեն Սարոյանը։
Զբոսարջիկները «Վերնիսաժից» հիմնականում արծաթյա զարդեր և Armenia գրությամբ հուշանվերներ են գնում։ Այլազգի հաճախորդների հետ տոնավաճառի աշխատակիցները շփվում են հիմնականում «հաշվիչի լեզվով», քանի որ անգլերեն չգիտեն. «Կալկուլյատորը որ կա, անգլերենն ի՞նչ ենք անում, գինը գրում ենք, հասկանում են: Ռուսների հետ լավ խոսում ենք, հասկանում ենք նրանց, ամերիկացիների, պարսիկների հետ՝ հաշվիչով»:
Տոնավաճառի աշխատակիցների գնահատականով` զբոսաշրջիկների թիվը վերջին տարիներին նվազել է։ Երբեմն օրերով առեւտուր չեն անում։ Նրանցից շատերը, եթե առաջ միայն շաբաթ և կիրակի օրերին էին աշխատում, այժմ ստիպված ամբողջ շաբաթ աշխատում են, որ կարողանան եկամուտ ստանալ. «Հիմա այնպիսի քաղաքականություն են վարում, որ մեր երկրից տուրիստները փախնում են, եթե առաջ հիմնականում տուրիստներն էին մեր մոտից առևտուր անում, հիմա էլ չկան, եղածներն էլ առևտուր չեն անում: Օրերով այստեղ կանգնում, մի քանի բան հազիվ ենք կարողանում վաճառել»,-բողոքեցին «Վերնիսաժի» աշխատակիցները։











