Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում հունիսի14-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի զոհերի հիշատակին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջեւ շարունակվում է նախօրեին սկսված  մոմավառությունը: Այսօր՝ հունիսի 16-ին, նույնպես քաղաքացիները ծաղիկներ դրեցին եւ մոմեր վառեցին դեսպանատան առջեւ:

«Մենք եկել ենք մեր զորակցությունը հայտնելու վրաց ժողովրդին, որովհետեւ դաժան արհավիրք է եղել, կան զոհեր, ավերածություններ: Մենք չենք կարող անհաղորդ մնալ մեր հարեւան երկրի ժողովրդի վշտին եւ, կարծում եմ՝ վրացի ժողովուրդը, որը միշտ մեր կողքին է եղել, պետք է զգա մեր հասարակության աջակցությունը: Պետք է չմոռանանք, որ մեզ պատուհասած երկրաշարժի ժամանակ վրացիներն առաջինն են եղել, որ փրկարարական ջոկատով այցելել են մեզ»,- լրագրողների հետ զրույցում ասաց մոմավառության մասնակից, լրագրող, հրապարակախոս Գայանե Առուստամյանը:

Քաղաքացիները նաեւ գրառումներ թողեցին դեսպանատանը բացված սգո մատյանում: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Աբցիաուրին, սգո մատյանում գրառումներ են թողել ինչպես սովորական քաղաքացիներ, այնպես էլ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ:

«Եկել են Ազգային ժողովից, տարբեր նախարարություններից, տարբեր միջազգային կազմակերպություններից: Զգացված ենք, որ հայ ժողովրդին կարեկից է մեր ցավին: Շատ ուրախալի է, որ մարդիկ գալիս են, ցավակցում են, կիսում են մեր վիշտը եւ մեր կողքին են»,- նշեց նա:

Դեսպանատան մոտ քաղաքացիներին հանդիպեց ՀՀ-ում Վրաստանի դեսպան Տենգիզ Շարմանաշվիլին, որը նրանց շնորհակալություն հայտնեց այցելության համար:

«Մի բան է, երբ պաշտոնատար անձիք են ցավակցություն հայտնում, իհարկե, ես չեմ կասկածում նրանց անկեղծությանը, բայց երբ սովորական քաղաքացիները գալիս են, կիսում իրենց հարեւան երկրի վիշտը, դա իսկապես հուզիչ է: Այ, դուք եք իսկական դիվանագետները: Ես դիվանագետ եմ, բայց դրա համար ինձ վճարում են, իսկ ձեզ ոչ ոք դրա համար չի վճարում: Աստծո առաջ դուք ավելի բարձր եք, քան ես»,- հուզված ասաց դեսպանը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում տեղատարափ անձրեւներ էին տեղացել, ինչի հետեւանքով վնասվել էին բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 17 մարդ: Հեղեղվել էր նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am