Նախագահական նստավայրի մոտ այսօր՝ հունիսի 18-ին բողոքի ակցիա անցկացնող՝ բանակում մահացած զինծառայողների ծնողներից մեկի՝ Իրինա Ղազարյանի համար Բաղրամյան 26 եկած՝  «Շտապօգնության» մեքենայի անձնակազմը վեճի բռնվեց մայրերի հետ եւ հեռացավ՝ առանց վերջնական բուժօգնություն ցույց տալու:

Ակցիա անցկացնող մայրերը վրդովված դիմավորեցին «Շտապօգնությանը», քանի որ այն ժամանեց  զանգահարելուց ավելի քան 15 րոպե անց: «Շտապօգնության» բժիշկը մայրերից Գոհար Սարգսյանին թույլ չէր տալիս մտնել մեքենան, ինչից բարակացած՝ Գոհար Սարգսյանը պարբերաբար բացում-փակում էր մեքենայի դուռը: Մի քանի րոպե անց մեքենայի մեջ լսվեցին Իրինա Ղազարյանի գոռգոռոցները, իսկ  բժիշկը դուրս եկավ՝ վրդովված ասելով՝ «հիստերիկացել ա»: 

Բժշկի պահվածքն էլ ավելի վրդովեցրեց Գոհար Սարգսյանին, ու նրանք սկսեցին գոռգոռալ միմյանց վրա:

«Դու իրավունք չունես իմ վրա գոռաս, հիվանդի վրա գոռաս, հիստերիկ անվանես»,- բղավեց Գոհար Սարգսյանը:

«Ես որ բարկանում եմ, շատ եմ բարկանում, հասկանո՞ւմ եք»,- հակադարձեց բժիշկը:

Իրինա Ղազարյանը, որն այդ ժամանակ դուրս էր եկել «Շտապօգնության» ավտոմեքենայից, բարկացած  պատմեց, որ բուժքույրն ու բժիշկը գոռացել են իր վրա, վատ  վերաբերվել.«Ճղելով լիֆս հագիցս հանում ա, զգում ա, որ դողացնում եմ, մունաթ-զունաթով ասում ա՝ Սերժի վրա չես կարում, եկել իմ վրա՞ ես գոռում»:

Բժշկի պատմելով, սակայն, իրենք ցանկացել են արձակել կնոջ զգեստի կոճակները՝ սիրտը ստուգելու համար, ինչի պատճառով  նա սկսել է գոռգոռալ իրենց վրա:

«Շտապօգնության» անձնակազմը վիճաբանության ընթացքում նստեց ավտոմեքենան եւ հեռացավ: Կարճ ժամանակ անց Իրինա Ղազարյանի համար «Շտապօգնության» նոր ավտոմեքենա ժամանեց,  նրան դեղ ներարկեցին եւ ինքնազգացողությունը լավացավ: 

Նշենք, որ որդեկորույս մայրերը նոյեմբերի 26-ին նամակով դիմել են նախագահին իրենց զավակների գործերը վերանայելու եւ արդար քննություն ապահովելու խնդրանքով, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել։ Մահացած զինծառայողների մայրերը պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում  նախագահականի մոտ՝ պահանջելով պատասխանել իրենց նամակին։

Նշենք, որ արդեն մի քանի տարի է` խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը կառավարության նիստերի օրերին հավաքվում էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արդարացիորեն քննել իրենց երեխաների գործը եւ պատժել իրական մեղավորներին, սակայն որեւէ արդյունքի չեն հասել։