Բագրատունյաց փողոցի` «Նաիրիտ» գործարանի  դիմացի հատվածը շարունակում  փակ մնալ, իրավիճակը դեռ լարված է։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքի վայր է ժամանել մոտ երկու տասնյակ ոստիկան, որոնք փորձում են համոզել նաիրիտցիներին բացել փողոցը եւ թույլ չտալ բախումներ ոստիկանների եւ նաիրիտցիների միջեւ։

Վարորդները բարկացած են, նրանց մի մասը շրջվում, հետ են գնում, ավելի տաքարյունները փորձում են ճեղքել անցնել նաիրիտցիների շղթան։

Նշենք, որ դեպքի վայրում է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը, որը NEWS.am–ի հարցին, թե ինչու է եկել, պատասխանեց, որ «եկել է «Նաիրիտ» գործարանում ախատող իր ընկերներին սատարելու. «Սա էլ է թալանի ձեւ, որտեղ կա թալան, ես պետք է պայքարեմ»։

Նշենք, որ վարորդների եւ փողոցը փակած նաիրիտցիների միջեւ անընդհատ վեճեր են բռկվում, հնչում են հայհոյանքներ, երբեմն բանը հասնում է քաշքշոցի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրենց աշխատավարձերի պարտքերը պահանջող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր` հուլիսի 14–ին, փակել են Բագրատունյաց պողոտան` գործարանի հատվածում, պահանջելով առանց ժամանակ ձգձգելու սկսել աշխատավարձերի մարման գործընթացը։

 NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ նաիրիտցիներին բարկացրել է փաստը, որ գործարանի տնօրեն Ռոբերտ Սաղաթելյանը խոստացել էր այսօր իրենց տրամադրել տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագրերի ձեւաթղթերը, որոնք ստորագրելուց հետո միայն նաիրիտցիները կկարողանան ստանալ իրենց աշխատավարձերը, սակայն բլանկը նաիրիտցիներին չեն տրամադրել` ասելով, որ դրանք դեռ պատրաստ չեն։

Նաիրիտցիները թեեւ գիտակցում են, որ տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիրը ստորագրելով զրկվելու են ստանալիք գումարի մոտ մեկ քառորդից, այնուամենայնիվ, պատրաստ են դրանք ստորագրել, միայն թե վերջապես ստանան իրենց աշխատավարձերը։

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ  նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: