Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր՝ հուլիսի 14-ին, քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանը՝ «Չուգունը», մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից:
NEWS.am-ին սպանվածի հարեւանները պատմեցին, որ նրա հետ դեպքի պահին եղել է աներձագը, որը բարեբախտաբար, ոչ մի վնասվածք չի ստացել:
«Արթուրը նախկինում դատապարտված է եղել, 3-4 տարի առաջ էր դուրս եկել գաղութից, շինարարությամբ էր զբաղվում: Նորմալ տղա էր, ռիսկով էր շատ»,- ասացին հարեւանները:
Թե ինչը կարող էր դառնալ սպանության շարժառիթ, հարեւանները դժվարացան ասել՝ նշելով միայն, որ «Չուգունը» խելացի երիտասարդ էր եւ որեւէ մեկի հետ խնդիրներ չուներ:
Արթուր Հովհաննիսյանն ամուսնացած էր, մանկահասակ երեխաներ ուներ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 հասցեում հնչած կրակոցներից մահացել է նույն շենքի բնակիչ 34-ամյա Հովհաննիսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1980թ. Արթուր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են, երբ Ա.Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարևանությամբ կայանված իր ավտոմեքենան։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով։












