Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող` «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, որոնք այսօր՝ հուլիսի 16-ին հավաքվել են Կառավարության շենքի առջեւ, որոշածի պես անժամկետ նստացույց չեն սկսի:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ թեեւ նաիրիտցիներին չէր բավարարել 12 օր սպասելու եւ ապա աշխատավարձերն ամբողջությամբ ստանալու՝ նախարարի խոստումը, նրանք որոշեցին սպասել եւ այդ ընթացքում ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնել Կառավարության մոտ:
Նստացույց չանցկացնելու որոշման հետ նաիրիտցիներից ոմանք համաձայն չէին եւ նրանցից 4-ը նստեցին շենքի առջեւ՝ պահանջելով պարտքերի մարման վերջնաժամկետի վերաբերյալ հստակ փաստաթուղթ ներկայացնել:
«Սուտ է, նորից խաբում են, պայմանավորված մի բան կա, ինչ իմանանք, որ 15 օրից նոր բան չեն հորինի»,- հայտարարեց նստացույց անողներից մեկը՝ մյուսներին հորդրոելովմիանալ իրեն:
Ակցիայի մյուս մասնակիցները հեռացան Կառավարության մոտից: Նրանք գործարանի տարածքում կսկսեն սռտորագրել տույժ ու տուգանքից հրաժարվելու մասին համաձայնագրերը:
Նշենք, որ դրանից հետո 2 արտադրամասերի աշխատակիցները 5 օրվա ընթացքում կստանան իրենց աշխատավարձերը, սակայն նաիրիտցիները պնդում են, որ իրենք պետք է աշխատավարևձերը միաժամանակ ստանան մինչեւ օգոստոսի 24-ը:
Հիշեցնենք, որ կառավարությունը խոստացել էր մինչեւ հուլիսի 15–ը մարել բոլոր պարտքերը, սակայն այսօրվա դրությամբ աշխատակիցներից ոչ մեկի հաշվին գումար չի փոխանցվել։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:











