Հրապարակվել է տեսանյութ, որտեղ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մանուկ հասակում պարզում է ձեռքը նացիստական ողջույնի ձեւով:  Տեսագրությունը հրապարակվել է The Sun կայքում եւ թվագրված է 1933թ-ով:

Սեւ-սպիտակ տեսանյութում ներկայացված է բրիտանական թագավորական ընտանիքը՝ մայր-թագուհի Եղիսաբեթ Անգելա Բոուզ-Լայոնը, արքայազն Էդուարդ Ուելսցին, Եղիսաբեթը եւ նրա քույր Մարգարեթը: Սկզբում աղջիկներն ուղղակի թափահարում են ձեռքերը, իսկ հետո բոլոր չորսն էլ ցուցադրում են նացիստական ողջույնը:

82 տարի անց այդ տեսագրությունը սարսափեցնող է թվում, սակայն այն պետք է դիտարկել 1933թ-ի ենթատեքստում, գրում է  The Sun-ը:

Հոդվածում նշվում է, որ Էդուարդը համակրանք է ունեցել նացիստների նկատմամբ եւ նույնիսկ քաջալերել է Գերմանիային շարունակել Անգլիայի ռմբակոծությունը, որպեսզի ապահովի երկրի շտապ կապիտուլացիան: Դրա հետ մեկտեղ Մեծ Բրիտանիայի քաղաքական ղեկավարությունը, այդ թվում Ուինսթոն Չերչիլը, թաքցրել է Էդուարդի նացիստների նկատմամբ համակրանքը, վախենալով, որ դա կարող է վերացնել թագավորական ընտանիքը:

«Այս կադրերը թաքցվել են 82 տարի շարունակ: Մենք դրանք հրապարակում ենք այսօր՝ իմանալով, որ  դրանք ոչ մի կերպ վատ չեն անդրադառնա մեր թագուհու, նրա հանգուցյալ քրոջ կամ մոր վրա»,- գրում է պարբերականը: