Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտած ուսանողները Վանի Աղթամար կղզում դիպլոմները ստանալուց առաջ գեղեցիկ անակնկալի ականատես եղան։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի եւ դեպի Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա տուրեր կազմակերպող «Նարեկավանք Տուր» ընկերության կողմից Վանի Աղթամար կղզում կազմակերպվել էր պատմության ֆակուլտետի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողություն։
Դիպլոմները ստանալուց առաջ, երբ բոլորը հավաքված են լինում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Գեւորգն ամուսնության առաջարկություն է անում իր ընկերուհուն՝ Ռուզանային։ Գեւորգը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նման ձեւով առաջարկություն անելն իր մոտ ծագել է դեպի Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից ընդամենը մեկ օր առաջ։ Նա շեշտեց, որ Ռուզաննան խիստ անակնկալի էր եկել ու շոկի մեջ ընկել, քանի որ տեղյակ չի եղել իր մտադրության մասին։
Այնուհետ մեկ այլ շրջանավարտ 22-ամյա Նարեկը եւս գեղեցիկ ամուսնության առաջարկություն է անում իր ընկերուհուն՝ Անիին, ով եւս մինչ այդ պահը տեղյակ չի եղել այդ մասին։ Նարեկը նույնպես նշեց, որ երկար մտածել էր, թե ինչ հետաքրքիր ձեւով ամուսնության առաջարկություն անի եւ դիպլոմները ստանալու համար դեպի Արեւմտյան Հայաստան ուղեւորությունը լավ առիթ հանդիսացավ։











