Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման` 200 միլիոն դրամի գույքի բռնագանձմամբ: Երեւանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 10-ին, դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարկեց գործով դատավճիռը:
Դատարանում ներկա ամբաստանյալի մորը` Փառանձեմ Հակոբյանին, վրդովեցրեց որոշումը եւ նա դիմելով դատավորին ասաց. «Աստված քեզ շանս տվեց, չօգտագործեցիր» (խմբ. նկատի ունի հուլիսի 18-ին Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարը, երբ դերասանուհի Անի Երանյանի մեքենան բախվել էր դատավորի մեքենային, ինչի հետեւանքով դատավորն ու կինը ստացել էին թեթեւ վնասվածքներ):
Դատավորը ուղղեց նրան՝ ասելով. «Քեզ չէ, Ձեզ»: Ամբաստանյալի մայրը ներողություն խնդրեց ու դուրս եկավ դահլիճից:
Դատարանի բակում, սակայն, Փառանձեմ Հակոբյանը հուզվեց՝ տեսնելով դատարանի ապակե դռներից իրեն նայող դատավոր Պողոսյանին. «Դուք մարդ չեք, տականք եք, տականք»:
Փառանձեմ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին անմեղ է, իրականում պետք է գործ հարուցել գործով տուժող ճանաչված Արտակ Գալստյանի դեմ:
«Իմ տղան խայծ է հանդիսացել պաշտոնակռվի համար, ստեղ վերեւներից են կռվում պաշտոնների համար ու տուժվում ա իմ ընտանիքը, երեխեքը: Բոլոր ապացույցները կան Արտակ Գալստյանի դեմ, բոլորը դա գիտեն»,- ասաց Արթուր Անդրեասյանի մայրը:
Նշենք, որ մեղադրող Արթուր Երիցյանը պահանջել էր 14 տարվա ազատազրկման ենթարկել Արթուր Անդրեսյանին՝անձնական գույքի բռնագրավմամբ` բայց ոչ ավելի, քան յոթ տուժողներին պատճառված վնասը՝ 422 միլիոն 252 հազար 210 դրամ: Արթուր Անդրեասյանը հայտարարում է, որ անմեղ է։
Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք էր առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:











