Մի խումբ վանաձորցիներ այսօր՝ օգոստոսի 11-ին, հավաքվել էին Լոռու մարզի դատախազության առջեւ, փակել Մյասնիկյան փողոցը՝ պահանջելով արդարացնել 3 տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության համար կալանավորված Սամվել Դիլոյանին:

Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կալանավորվածի հարազատներն ու ընկերները Լոռու մարզի դատախազության առջեւ վանկարկում էին «Ազատություն, ազատություն» եւ պահանջում ազատ արձակել Սամվել Դիլոյանին: Հարազատների խոսքով՝ եթե մյուս մեղադրյալին՝ Արեն Վերանյանին ապացույցների բացակայության հիմքով հուլիսի 29-ին արդարացրել են, ապա նույնը պետք է արվի նաեւ Դիլոյանի պարագայում:

Նշենք, որ փաստաբանի մահվան դեպքի վերաբերյալ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով երեք տարի մեղադրանքը պաշտպանելուց հետո հուլիսի 29-ին մեղադրող դատախազները հրաժարվեցին իրենց առաջադրած՝ 3 մեղադրյալների վերաբերյալ խուլիգանության, իսկ նրանցից մեկի վերաբերյալ նաև սպանության մեղադրանքից: Արդյունքում՝ փաստաբանի սպանության համար մեղադրվող Արեն Վերանյանը արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am–ը, 2012թ. նոյեմբերի 18-ի երեկոյան փաստաբան Սամվել Շարբաթյանը «Մուշ» ռեստորան էր հրավիրել Վանաձորի բնակիչ Արտակ Վերանյանին եւ իր քրոջ որդի Հ. Ասլիկյանին` նպատակ ունենալով Արտակ Վերանյանից պահանջելու, որպեսզի վերջինս չհետապնդի իր քրոջ դստերը: Նշված ժամին ռեստորան են գնացել Հ. Ասլիկյանը եւ Արտակ Վերանյանը` վերջինիս եղբայր Արեն Վերանյանի եւ ընկերոջ` Սամվել Դիլոյանի հետ:

Քննության տվյալներով, ժամը 22:00-ի սահմաններում վերոնշյալ հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի` արդեն ռեստորանի բակում: Արդյունքում` Ս. Շարբաթյանը դեմքին եւ քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման: Փաստաբանը գիտակցության չգալով մահացել է:

Հաջորդ օրը Արտակ Վերանյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանական ցուցմունք տվել: Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանը դիմել էին փախուստի, սակայն ավելի ուշ կալանավորվել են: