Երասխում այսօր՝ օգոստոսի 13-ի վաղ առավոտյան, 7 մեքենայի բախված բեռնատարի վարորդին տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրա վիճակը կայուն ծանր է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նրանց փոխանցմամբ՝ բեռնատարի վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նա գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում. ախտորոշումը` ձախ ձեռքի առաջին մատի տրավմատիկ անդամահատում:
Մյուս 7 վիրավորի առողջական վիճակը կայուն վերահսկելի է: Նրանք գտնվում են Արարատի և Վեդու բժշկական կենտրոններում: Վիրավորներից մեկն էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում: Տուժածի վիճակը ծանր է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդերս Ե» մակնիշի 94 QS 444 պ/հ (Է. Հ. , 33 տարեկան), «Նիսսանա Տիանա» մակնիշի 471 ՍԼ 24 պ/հ (վարորդ` 1953 թ. ծնված Ա. Ա.), «Մերսեդես» մակնիշի 105 ԼՍ 67 պ/հ բեռնատար (վարորդ` 1959 թ. ծնված Ա. Գ. ), «ԴԱՖ» 34 NV 147 պ/հ (Ս. Ս., 36 տարեկան) բեռնատար, «ՄԱՔ» մակնիշի առանց պ/հ (վարորդ Ի. Խ., 55 տարեկան) բենզատար, «Ֆորդ Տրանզիտ» եւ «Տոյոտա Վիտս» (վարորդ` 1957 թ. ծնված Գ. Պ. ) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել «Ֆորդ Տրանզիտ», «Տոյոտա Վիտս» եւ «Մերսեդերս Ե» մակնիշի ավտոմեքենաներում:
Վթարի հետեւանքով 1 մարդ մահացել է, իսկ 9-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:











