Ավստրալական Հեյվուդում կոալան հասել է կաթի ֆերմայի տիրուհի Էբոնի Չերչիլի քառանիվ մոտոցիկլետի հետեւից: Կինը տեսագրել է հետապնդումը եւ տեղադրել Facebook-ում: Տեսագրությունը վիրուսային է դարձել եւ ավելի քան 1 միլիոն դիտում ունեցել:
Հետապնդման ընթացքում ավստրալուհին փորձել է հեռու քշել կոալային, բայց ի վերջո կանգնեցրել է իր կվադրոցիկլը: Պարզվել է, որ կենդանին բռնել էր փոխադրամիջոցի հետեւի ձախ անիվից, հաղորդում է Gazeta.ru-ն:
Քուինսլենդի համալսարանի` կոալաների ուսումնասիրությամբ զբաղվող բնապահպանների խմբի ղեկավար Բիլլ Էլիսը կենդանու պահվածքը շատ տարօրինակ է համարել: Նրա խոսքով, սովորաբար կոալաները չեն մոտենում մարդուն կամ փոխադրամիջոցին, հատկապես` ցերեկային ժամերին: Էլիսը ենթադրել է, որ կոալաներին կարող են գրավել մեքենաների, օրինակ`բեռնատարների ձայները, հռնդյունը:











