ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները ծեծի են ենթարկել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և կնոջը` նրանց երկու տարեկան երեխայի ներկայությամբ: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահան Մարտիրոսյանը` հավելելով, որ այդ քայլով իրենից ու իր ընտանիքից «պատասխան են պահանջել» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վերաբերյալ իր հնչեցրած քննադատությունների համար: Նրա խոսքով` երկու տարի առաջ ինքն ուսումնասիրում էր Վրաստանի գազամատակարարման համակարգը և մի քանի անգամ հանդես է եկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում չարաշահումների մասին հրապարակումներով։
Վահան Մարտիրոսյանի խոսքով` շաբաթ երեկոյան իրենց տուն է գնացել մի քաղաքացի և ներկայացել որպես ոստիկան: Վահան Մարտիրոսյանը պահանջել է, որպեսզի ոստիկան ներկայացած անձը ցույց տա վկայական, սակայն նա պատասխանել է, որ ինքը որպես ոստիկան չի եկել նրա տուն։
«Ասացի` փաստաթուղթ ցույց տուր, պատասխանեց, որ որպես ընկեր է եկել իմ տուն` իմ պրոբլեմները լուծելու: Ես էլ ասացի, որ կամ փաստաթուղթ ցույց տա, կամ դուրս գա և ձեռքից բռնեցի և դուրս հանեցի»,- պատմեց Վահանը:
Նրա խոսքով՝ երբ դուրս են եկել, փողոցում 10 մարդ է եղել, որոնց Վահանը ճանաչել է։ «Դրսում կանգնածներից 3-ը Սեդրակյանի բարեկամներն էին, որոնք իմ հարևաններն են, մնացածներն էլ` ՀՀԿ շտաբից»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:
«Ներազգային ազատագրական շարժման» ղեկավարը պատմեց, որ երբ դուրս է եկել, դրսում սպասողներից մեկը հարվածել է իրեն, ինքն ընկել է, և մյուսներն սկսել են ոտքերով ու փայտով ծեծել իրեն:
«Փայտով, ոտքերով հարվածում էին և գոռում. «Պատասխան եք տալու, էդ Մհերի՞ց էիր պատասխան ուզում, կապիկություններ էիր անում, 100 տարի էլ անցներ, պատասխան էիր տալու ասածներիդ համար, Գազպրոմի չարաշահումներից էիր խոսու՞մ, դե կեր»»,- պատմեց Վահանը:
Նրա խոսքով՝ այդ պահին, երբ իր կինը ոստիկանություն զանգելուց հետո դուրս է եկել տնից, դեպքի վայրում գտնվող ՀՀԿ շտաբից 2 կանայք գոռացել են` ահա և Վահանի կինը, և սկսել են նրան նույնպես ծեծել` 2 տարեկան տղայի աչքի առջև:
«Ես և կինս մարմնի և դեմքի հատվածում սալջարդեր, կապտուկներ ենք ստացել, ես ուշաթափվել էի և «Շտապօգնություն» կանչել, բժիշկները ուղեղի ցնցում էին կասկածում մոտս և ձախ ոտքի հոդախախտ»,-ասաց նա:
Վահան Մարտիրոսյանի խոսքով` դեպքից հետո ժամանել է ոստիկանությունը:
«Ոստիկանների ուղեկցությամբ ես ու կինս ոստիկանության բաժանմունք գնացինք, ցուցմունք տվեցինք, դեպքի առթիվ ՀՀ Էրեբունու Ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ: Եթե լավ զգամ ինձ, վաղն էլ գնալու եմ ՄԻՊ»,- պատմեց նա:
Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն Հայաստանում ունի գազալցակայաններ, որոնք մատակարարվում են «Գազպրոմ Արմենիայից»:











