Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը այսօր` սեպտեմբերի 4-ին, քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանին:

Վերջին հրաժեշտին ներկա էին ինչպես բարեկամներ, ընկերներ, այնպես էլ քաղաքական եւ արվեստի գործիչներ:

«Անկախության հանրաքվեի օրը միասին էինք, տեսնեիք` իր բերկրանքը, երգ ու պարը, որ Հայաստանը անկախություն էր հռչակել: Ինքը սիրեց Հայաստանն առանց պայմանականությունների, ինքը ցույց տվեց, թե ինչպես պետք է սիրել առանց պայմանականությունների: Նա անսահման սիրում էր իր հայրենիքը, եզակի մարդկանցից էր, որ վերադարձավ Հայաստան եւ մի ողջ մշակույթ ստեղծեց իր շուրջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Երաժիշտ-երգահան Արա Գեւորգյանը լրագրողների հետ զրուցում հիշեց բարերարի հետ իր հանդիպումները:

«Ուրախ զվարթ, պայծառ մարդ էր, հայկական երգարվեստի բոլոր երգերը գիտեր: Միասին միշտ նարդի էինք խաղում ու առավելությունը միշտ իրենն էր, իսկ վերջին անգամ , երբ հանդիպեցի իրեն, արդեն անկողնում էր, ասացի, որ ուժեղ լինի, եւ Աստված կանչենք»,- ասաց Արա Գեւորգյանը` նշելով, որ Վահագն Հովնանյանին գնահատում է նաեւ նրա համար, որ հիմնադրեց Սայաթ- Նովա փառատոնը, որին մասնակցում էին տարբեր երգիչ–երաժիշտներ եւ մրցանակներ ստանում նրա կողմից:

Վահագն Հովնանյանի կամերային երաժշտության տնից դուրս բերեցին նրա 12-ամյա թոռնիկի` Գայանեի «Կիլիկա» երգի կենդանի կատարման ուղեկցությամբ: Երգի ընտրությունը պատահական չէր. «Կիլիկան» Հովնանյանի ամենասիրած երգն էր, ու նա շատ էր սիրում թոռնուհու կատարումը։

Վահագն Հովնանյանի մարմինն այսօր կտեղափոխեն Բեյրութ, որտեղ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում  տեղի կունենա նրա հոգեհանգստի եւ վերջին հրաժեշտի արարողությունը: Այնուհետեւ Վահագն Հովնանյանի մարմինը կտեղափոխեն Հայաստան, իսկ թե որտեղ կամփոփեն աճյունը, դեռ հայտնի չէ:

«Երբ նրա 80 տարեկանին կատարեցի այս երգը, ինքը շատ սիրեց։ So, մեծ պապա, this is for you»,- երգը կատարելուց առաջ ասաց 12–ամյա աղջիկը։

Հիշեցնենք, որ Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ. փետրվարի 16-ին Իրաքում:

1959թ. հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969թ.՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց եւ ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ՝ «V.S. Hovnanian Group», «Adelfia Water Company», «Adelfia Sewer Company», «Hovnanian Realty», «Clear Title Agency» եւ «Grandview Cable»։ 1985 թվականին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեցին հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով «Cellular Vision» կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց «SpeedUS» կորպորացիայի։

«Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) եւ «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն է:

Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արլեւելյան հայ համայնքի կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծմանը։

2000 թվականին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։

Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։

1998թ. Երեւանում կառուցել է Վահագնի թաղամասը: