Նյու Յորքի բնակչին հաջողվել է ուղիղ եթերում տեսնել, թե ինչպես են գողերը մտել իր բնակարան: Տեղի ունեցողին նա հետեւել է իր սմարթֆոնի հավելվածի միջոցով, գրում է New York Post-ը:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Դեննի Ուիլերը տան անվտանգությանը հետեւող Canary համակարգից ահազանգ է ստացել, որ տանն ակտիվություն է նկատվում: Համակարգը նաեւ տեսանյութ է ուղարկել նրա սմարթֆոնին:

Ուիլերը անմիջապես բացել է հավելվածն ու բառացիորեն քարացել. նա տեսել է գողին, որը տուն է մտել պատուհանից եւ սկսել քանդել իր իրերը: Տղամարդն անմիջապես զանգահարել է ոստիկանություն եւ մանրամասն պատմել տեղի ունեցածը: Այնուհետեւ նա շտապել է տուն, հաղորդում է RG-ն:

Ճանապարհին Ուիլերը որոշել է դիտել, թե ինչ է տեղի ունենում այդ պահին տանը: Ցավոք, ոչ ինքը, ոչ ոստիկանությունը չեն հասցրել բռնել գողին, քանի որ վերջինս ընդամենը երկու րոպեում «սրբել է» բնակարանը: Բարեբախտաբար, գողերին հաջողվել էր վերցնել միայն մի քանի թանկարժեք վզնոցներ՝ 500 դոլար արժողությամբ: