Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում սեպտեմբերի 20-ին բացվեց «Երկրները՝ մեկ հարկի տակ» անվանումով 6-րդ ամենամյա փառատոնը:

Սեպտեմբերի 20-22-ը Բրազիլիայի, Հնդկաստանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ճապոնիայի, Շվեդիայի, Իսրայելի եւ շատ այլ երկրների տաղավարները կզարդարեն Երեւանի կենտրոնն ու այցելուներին կծանոթացնեն տեղական եւ արտասահմանյան ընկերությունների արտադրանքին:

Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի խոսքով, Երեւանը միշտ հյուրընկալ քաղաք է եղել: «Եվ շատ հաճելի է, որ այսօր պետությունները ներկայացված են առանձին տաղավարներում, այդ թվում՝ դեսպանների մասնակցությամբ: Դա ցույց է տալիս մեր փառատոնի հանդեպ վերաբերմունքը: Սա նաեւ միջմշակութային շփում է, փոխգործակցություն եւ միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն»,- ընդգծեց Արամ Սուքիասյանը:

Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրոն հույս հայտնեց, որ հաջորդ տարի օգոստոսին բազմաթիվ հայ մարզիկներ կմեկնեն Բրազիլիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին: Ի դեպ, սիրալիր եւ միշտ կենսախինդ դեսպանն իր իսկ ձեռքով հատուկ NEWS.am-ի թղթակցի համար բրազիլական ազգային ըմպելիք՝ կամպիրինյա պատրաստեց: Իսկ դեսպանի կինը մանրամասն պատմեց բրազիլական ազգային ուտեստների եւ քաղցրավենիքի մասին:

Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովն էլ հայ ժողովրդին շնորհավորեց Անկախության տոնի առիթով՝ մաղթելով հաջողություն եւ բարգավաճում:

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին փառատոնի հյուրերին եւ մասնակիցներին ուրախացրեց հայերեն ելույթով: «Այս տարի Երեւանում բացվեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը: Իսկապես, մշակույթի միջոցով ձեւավորվող կապերը շատ կարեւոր են: Ապագայում ցանկանում եմ ավելի շատ մշակութային միջոցառումներ կազմակերպել: Այսօր միայն սկիզբն է: Համեցեք մեր ճապոնական տաղավարի մոտ եւ ծանոթացեք ճապոնական մշակույթին»,- նշեց ճապոնացի դիվանագետը:

Մեր երկրում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մորտեն Էնբերգն իր հերթին հավելեց, որ ցանկացած երկրի համար կարեւոր է բաց լինելը, եւ Շվեդիան այդ առումով հարուստ փորձ ունի, որը պատրաստ է կիսել Հայաստանի հետ:

Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը վստահություն հայտնեց, որ Հայաստանի մայրաքաղաքը կհարստանա այս միջոցառմամբ, քանի որ նոր կապեր կհաստատվեն, նոր հորիզոններ կբացվեն: «Բելառուսը միշտ ցուցադրել է իր խաղաղասեր եւ աշխատասեր բնույթը, այդ պատճառով մենք ներկայացրել ենք մեր գլխավոր «զենքը»՝ տրակտորը»,- նշեց դեսպանը:

Փառատոնի մասնակիցներին ողջունեց նաեւ Հայ-հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: «Մենք գտնվում ենք հրաշալի, բարյացկամ, գեղեցիկ եւ ընդերքով, հյուրընկալությամբ եւ հոգով հարուստ երկրում: Հայոց հոգին շատ նման է հրեաների հոգուն: Մենք բոլորս հրաշալի ապագա ենք ունենալու»,- ընդգծեց Ռիմա Վարժապետյանը:

Նշենք, որ «Երկրները՝ մեկ տանիքի ներքո» փառատոնի կազմակերպմանն աջակցել են Հայաստանի ԱԳՆ-ն, Երեւանի քաղաքապետարանը, «GMG Media Group» ընկերությունը: