Անկախության ճանապարհին մենք գրեթե սխալներ չենք արել. Մոսկվան Հայաստանին պատժեց «Կոլցո» գործողությամբ՝ Հայաստանի անկախության ձգտման համար, բայց մենք նահանջել չէինք կարող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներկայումս ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի «Քրիստոնյա Արեւելք» բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը:
Պարոն Հակոբյան, ուղիղ 24 տարի առաջ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, ու այդ գործընթացի ակունքներում կանգնածներից մեկն էլ Դուք էիք, որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Այսօր ՀՀ-ում մեծացել է մի սերունդ, որը այդ օրերի ժամանակակիցը չի եղել, կպատմե՞ք՝ ինչից ամեն ինչ սկսվեց:
Ամեն ինչ սկսվեց Ղարաբաղյան շարժումից, որից առաջ էլ 1980-ականներին մեծ վերելքի ժամանակաշրջան էր՝ անկախ Գորբաչովի սկսած «պերեստրոյկա» կոչվածից: Պարզապես «պերեստրոյկայի» շնորհիվ այդ վերելքը վերաճեց արցախյան շարժման: Ղարաբաղյան շարժումից էլ դուրս եկավ երկու շատ լավ բան՝ մեր անկախությունն ու Ղարաբաղի ազատագրությունը: Արցախի շարժումը շատ արագ միայն Արցախի ազատագրությանն ուղղված շարժումից վերածվեց բոլոր լավ բաներին ուղղված շարժման: Այսինքն Հայաստանի անկախություն, Հայաստանի հասարակության դեմոկրատացում, եւ արդեն 1988 թվականի հունիսին մեր շարժումն արդեն անկախական էր: Եթե 88-ի փետրվարին կարող էինք ասել, որ շարժումն անկախական չէր, ուղղված էր պարզապես Ղարաբաղին, ապա 1988-ի հունիսից շարժումը վերածվեց նաեւ անկախական շարժման: Նույն տարվա ամռանը դա արդեն հռչակվեց որպես համազգային շարժման կարեւորագույն խնդիրներից մեկը:
Իսկ կոնկրետ անկախության հանրաքվեի հարցը ծագեց 1991 թվականի հունվարին, երբ Մոսկվայում վերջապես լույս տեսավ ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին երկար քննարկված օրենքը: Երբ այդ օրենքը լույս տեսավ, մեզ մոտ վախն ու ուրախությունը խառնվեցին իրար: Վախը, որովհետեւ շատ ծանր ձեւեր էին դրված Մոսկվայից անկախանալու համար, մեկ էլ հանկարծ տեսանք, որ այդ ձեւերը հաղթահարելի են: Փաստորեն մեկ ամսվա ընթացքում նախապատրաստական աշխատանքն արվեց եւ փետրվարի վերջին Գերագույն խորհրդում արդեն քննարկել ենք այդ հարցը եւ այդ օրենքի շրջանակներում ու դրվածքով նշանակեցինք հանրաքվե:
Օրենքով պահանջվում էր հայտարարման օրից առնվազն 6 ամիս հետո նշանակել հանրաքվե, եւ մենք դրան գնացինք: Այդ ժամանակ տեղի ունեցավ ամենամեծ բաժանումը մեր շարժման մեջ: ՀՀՇ-ից առանձնացավ ԱԺՄ-ն, որը նաեւ այդ խնդրի հետ էր կապված: ԱԺՄ-ն ձեւավորած մեր ընկերներն ասում էին, որ պետք չի ուշադրություն դարձնել այդ 6 ամսվան, որ դա մեծ ժամանակահատված է, որ վտանգավոր է, որ այդ ընթացքում Կենտրոնը մեզ վատ բաներ կարող է անել, բայց մենք համարում էինք, որ այդ ժամկետը պետք է պահպանել, որպեսզի օրենքի տառը խախտած չլինենք: Այսօր՝ տարիների հեռվից թվում է, թե մեծ բան չէր, բայց իրականում այն ժամանակ մենք գործ ունեինք մեր երկրի ու ժողովրդի հետ, որին չէր կարելի վտանգել: Արցախի պատերազմի հաջողության ամենակարեւոր գրավականն այն էր, որ այդ շարժման ղեկավար մարմինը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, հետեւում էր անվտանգության սկզբունքին, ծանր քայլեր էին արվում, բայց դրանք միշտ արվում էին մինչեւ ինչ-որ սահման: Ժողովուրդն էլ գիտեր ու վստահ էր, որ կենտրոնի դեմ, Մոսկվայի դեմ ինչ-որ արվում էր, հայտարարվում էր եւ սկզբունք էր՝ ամեն ինչ անել չվտանգելով երկիրը, ժողովրդին եւ մարդկանց: Պատահական չէ, որ համարյա թե զոհ չենք ունեցել այդ ողջ ընթացքում, մի քանի բացառություններով, իհարկե: Խոսքը «Զվարթնոցի» դեպքի եւ մայիսի 27-ի դեպքի մասին է: Մենք այդ սկզբունքը պահպանեցինք, ամեն ինչ գնաց օրենքով, ինչ-որ տեղ դա էլ հաջողության գրավական եղավ եւ հասանք Սեպտեմբերի 21-ին:
Էլի փոքր կորուստներ եղան. Մոսկվան «Կոլցո» գործողությունն իրականացրեց անշուշտ Հայաստանի անկախության ձգտման համար: Թեեւ մեզ այդպես չէին ասում, բայց մենք հասկանում էինք, որ խնդիր էր դրված մեզ վախեցնել, թեւաթափ անել, հետ կանգնեցնել: Մենք, իհարկե, չէինք կարող հետ կանգնել՝ անկախ զոհից: Մենք ոչ միայն Գետաշեն կորցրեցինք, նաեւ սահմաններին խնդիրներ կային Կապանում, Նոյեմբերյանում, եղան մարդկային կորուստներ: Բայց մենք հասկանում էինք, որ եթե մենք հետ կանգնենք ավելին ենք կորցնում: Կորցնում ենք Արցախի համար պայքարը շարունակելու մեր ունակությունը: Հասել էր այն պահը, որ մենք Արցախի համար պետք է պատերազմեինք: Մի բան է, երբ դու հանդես ես գալիս իրավական առումով Մոսկվային ենթակա երկիր, հանրապետություն, մեկ այլ բան է, երբ դու անկախ պետություն ես: Մենք հասկանում էինք, որ անկախությունը, բացի մնացած բոլոր բարիքներից, մեզ տալիս է Արցախը ձեռք բերելու եւ պահպանելու հնարավորություն: Տարիների հեռվից ես համարում եմ, որ մեր հաշվարկը ճիշտ էր արված: Ի վերջո հասանք Սեպտեմբերի 21-ի հանրաքվեին, որը տեղի ունեցավ համազգային ոգեւորության պայմաններում եւ այսօր պետք է պաշտամունքի ձեւով նշվի:
Այսքան տարիների հեռվից անկախության ճանապարհին, պետություն կառուցելու ճանապարհին ի՞նչը այլ կերպ կանեինք, ինչի՞ համար եք փոշմանել:
Շատ հետաքրքիր հարց է եւ ես շատ եմ մտածել այդ մասին: Համարյա թե սկզբից էլ վստահ եմ եղել, որ արցախյան շարժման մեջ, գոնե «Ղարաբաղ» կոմիտեին, որի անդամ եմ եղել, գրեթե սխալներ չի ունեցել: Ես ընդամենը երկու սխալ եմ տեսնում: Նախ կարծում եմ, բնապահպանության հարցում որոշ չափով ճիշտ չենք եղել, ուղղակի վատ ենք աշխատել: Այդ ոլորտում մի փոքր ավելի շատ է արվել, որի պատճառով կորուստներ ենք ունեցել: Երկրորդն այն է, որ մենք 1988 թվականին ուղղակի վատ զբաղվեցինք Հյուսիսային Արցախի հայկական շրջաններով: Մենք մտածում էինք, որ դա արվում է մեր ղարաբաղցի ընկերներների կողմից, որի աշխատանքը համակարգվում էր ավելի շատ Ղարաբաղում: Համենայնդեպս, այն, ինչ «Ղարաբաղ» կոմիտեն արեց այդ հարցում, ես համարում եմ քիչ: Ինչ-որ չափով մեղք եմ զգում, որ մենք կորցրեցինք Հյուսիսային Արցախը: Դժվար է հիմա հաշվարկել դա, մանավանդ պատմությունը «եթե»-ներ չի սիրում, բայց գուցեեւ եթե մենք անձամբ զբաղվեինք, ինչպես զբաղվել ենք 1989 թվականին, 6-ամսյա բանտից դուրս գալուց հետո, գուցե հնարավոր լիներ այդ բնակչությունը պահպանել: Ճիշտ է, անգամ անկախությունից հետո մենք կորցրել ենք Գետաշենը, Մարտունաշենը, Ազատն ու Կամոն, ավելի ուշ Շահումյանը, բայ դա կարծես ռուսական զորքերի կողմից մեր պատիժն էր Շուշին գրավելու համար: Իսկ Շուշին չգրավել մենք չէինք կարող: Բայց միեւնույն է, 1988-ի աշնանը կորցնել Հյուսիսային Ղարաբաղի այդ ողջ տարածքը, երբ աչքիդ առաջ հազարամյակներով այնտեղ ապրող հայությունը բռնի գաղթեցվում է, կարծում եմ, դրանում կար մեր սխալը: Այդ երկու սխալն է, այլ սխալներ չեմ տեսնում: Հիմա փաստաբանի նման նստել եւ ինչ-ինչ հարցեր բարձրացնել, թե սա է սխալ եղել, նա է սխալ եղել, ճիշտ չէ:
Երբ Հայաստանն անկախացավ իշխանությունը վայելում էր գրեթե ողջ բնակչության լիակատար վստահությունը եւ դա լիցք էր տալիս իշխանություններին ավելի ինքնավստահ գնալ համարձակ քայլերի: Հիմա կարծես հասարակությունը հիասթափված է, անկախությունը գնահատված չէ այնպես, ինչպես պիտի գնահատվեր: Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա պայմանավորված, ո՞ր կետից գնաց սխալը, ե՞րբ այն սկսվեց:
Սխալը սկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից, որովհետեւ այն, ինչ տեղի էր ունենում մինչեւ այդ օրվա սպանդը, տեղավորվում էր նորմալ ժողովրդական զարգացումների շրջանակում: Անգամ 1998 թվականի իշխանափոխությունը նույնպես ժողովրդավարական սկզբունքների գործառության արդյունք էր: Բայց 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո շատ բան փոխվեց: Ուղղակի այն ժամանակվա իշխանությունը գնաց Հայաստանում այլ կարգեր հաստատելու, սերմանելու ճանապարհով եւ ինչ-որ չափով հաջողեց: Այն ինչ չհաջողվեց, ես կապում եմ նրա հետ, որ 1990-ականներին մեր դրած հիմքերը բավականաչափ ամուր էին, որպեսզի ինչքան էլ քանդեն՝ չքանդվի: Ֆունդամենը շատ պինդ է, հետեւաբար շենքից ինչ-որ մասեր, որ քանդում են, մեկ է՝ չի քանդվում: Փորձեր եղել են ընդհանրապես կազմաքանդել այդ համակարգը, լրիվ ուրիշ համակարգի գնալ, բայց հուսով եմ, որ դա շարունակելու է չստացվել:
Ինչ վերաբերում է հասարակության վերաբերմունքի փոփոխությանը, դա ես կապում եմ էապես իշխանության գործողությունների հետ: Բանն այն , որ արցախյան շարժումն ու դրան հաջորդած գործունեությունը էապես հեղափոխական երեւույթներ էին: Արցախյան շարժումն ուղղակի հաղթանակով ավարտված հեղափոխություն էր, որը թույլ է տալիս այդ ոգով, հիշողությամբ տրամադրվել կատարելու նոր հեղափոխություններ, բառի ամենալավ իմաստով: Այդ լավ հեղափոխություններն այսօրվա իշխանության հակոտնյան են, վտանգավոր են այս իշխանության համար: Նրանք ամեն ինչ արեցին, որ այդ ամենը փոխվի ու հիմա հասարակությունը իշխանությունների ձեռքին պատանդի կամ գերու կարգավիճակում է: Դարեր շարունակ մենք նման պահեր ունեցել ենք, եկել մեզ նվաճել են: Ու այդտեղ շատ դժվար է այլ բան անել, քան ուղղակի գոյատեւել, պահպանել երկիրը, որի համար արժի գնալ ցանկացած գործողությունների: Մի օր վիճակը փոխվելու է, միշտ վատին փոխարինում է վատը: Այնպես որ ես չեմ համարում, որ մեր հասարակությունն ինչ-որ գիտակցական մակարդակի վրա մեր անկախությանը վատ է վերաբերվում: Դա պարզապես սերմանված է իշխանության կողմից:
Դուք նշեցիք, որ հիմա հասարակությանը երբեմն այլ բան չի մնում, քան պահպանել երկիրը՝ սպասելով նոր փոփոխությունների: Շատ չե՞նք ուշանա, երբ տեսնում ենք, որ այսօր քայլ առ քայլ նվազում է մեր ինքնիշխանության աստիճանը:
Լավ բանն ինչքան շուտ լինի, այնքան լավ, բայց ստացվում է այնպես ինչպես ստացվում է: Ամեն ինչ իդեալական ժամկետներում չի իրականանում, ու այդ ընթացքում հնարավոր է, նոր բաներ էլ կորցնենք, բայց ի՞նչ անենք, հրաժարվե՞նք երկրից, հեռանա՞նք: Իրոք, շատերը թողնում գնում են, ինչը շատ վտանգավոր են:
Այսինք կարծում եք, որ խնդիրն իշխանության մտածողությա՞ն հետեւանք է, թե նաեւ հասարակության, որն ինքն էլ արդեն խոշոր հաշվով շատ չի ընդվզում իշխող համակարգի որդեգրած բարքերի դեմ: Չե՞ք կարծում, որ բացի իշխանություններից, հասարակությունն ինքն էլ պիտի փոխվի, որովհետեւ այս ընթացքում գաղափարական առումով բավական հետընթաց է ապրել:
Պետք է փոխվի իշխանությունը: Եթե իշխանությունը դնի այլ պահանջներ, հասարակությունը դրան արձագանքելու է այնքան արագ, որ անգամ չեք էլ պատկերացնի: Օրինակ խոսում ենք կոռուպցիայից եւ այլ բաներից, բավական է իշխանության վերին օղակներում պահանջներն իրապես փոխվեն, անմիջապես հասարակությունը կփոխվի: 1990-ական թվականներին խնդիրն աշխատանքն էր բոլորի համար: Օրինակ պետական մարմինների աշխատողի համար աշխատելը ուտելու, օդ շնչելու նման մի բան էր: Իշխանությունը հետեւում էր՝ աշխատում ես, թե չես աշխատում, իսկ 2000-ականներից փոխվեց: Այսօրվա իշխանությունը հակառակը, աշխատանքի պահանջարկ չի ձեւավորում. մարդիկ վախենում են աշխատել, ստեղծագործական աշխատանքն, ընդհանրապես վախ է առաջացնում: Մի անգամ մեր ղեկավարներից մեկը՝ անունը չտամ, դիմելով Երեւանի քաղաքապետին մի այսպիսի արտահայտություն արեց՝ փողի վրա նստած փող եք խնդրում: Այն ժամանակ քաղաքապետը Ալբերտ Բազեյանն էր: Դրանից հետո չինովնիկությունը շատ լավ հասկացավ, որ իր խնդիրն իր տակը նայելն է՝ չկա՞ արդյոք փող, որը հանկարծ չի տեսնում եւ դրա համար կպատժվի: Մի բան է աշխատելը, մեկ այլ բան է փող փնտրելը: Այնպես որ հանիրավի մեղադրանք կստացվի, եթե ասենք, որ հասարակությունն է մեղավոր ստեղված իրավիճակի համար: Եթե մեղավոր կա, դա իշխանությունն է: Ու այսօր խնդիրը ոչ թե հասարակությունը, այլ իշխանությունը փոխելն է: Մենք քաղաքակիրթ երկիր ենք, 1990-ականներին ձեւավորված հրաշալի ավանդույթներ ունենք եւ իշխանություններին հաստատ փոխելու ենք:
Իշխանափոխությունը չափազանց կարեւոր երեւույթ է, որը մեր հասարակությանն ու պետությանը պետք է օդ ու ջրի պես: Այսինքն մեկ արդար իշխանափոխությունը, բավարար է, որ մենք ունենանք գործընթաց: Մենք վաղուց օրինական նորմալ իշխանափոխություն չենք ունեցել: Մենք լավ ընտրություններ ենք ունեցել 1990 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների, 1991-ին՝ նախագահի ընտրությունների, ինչպես նաեւ 1999-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մաքուր ընտրությունն արդեն բավարար է, որպեսզի ժողովուրդն ինքն աշխատի, եւ ընդհակառակը, եթե ունենում ենք վատ ընտրություն, ստեղծագործական ամբողջ լիցքը մարում է:
Սեպտեմբերի 21-ի առթիվ ի՞նչ կմաղթեիք մեր հասարակությունն ու պետությանը:
Նախեւառաջ դիմացկունություն: Պետք է դիմանալ դժվարություններին: Վարեւում հարցրեցիք, թե արդյոք ժամանակն անվերադարձ չի՞ անցնում՝ իհարկե, անցնում է, կյանքը հավերժ չի, բայց կան մեր հաջորդ սերունդները: Պետք է պինդ լինել, լավատես լինել, տեսնել այն լույսը, որը նախեւառաջ մեր մեջ է, մեր երեխաների ու թոռների մեջ է: Նաեւ, եթե պետք է, պատրաստ լինել ինքնազոհության եւ իհարկե հավատալ, որ մեզ հաղթանակ է սպասում:











