Երեւանի Ավան համայնքում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառը պարզ կլինի միայն փորձաքննության եզրակացությունից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը՝ նշելով, որ տեսականորեն ոչ մի տարբերակ չի բացառվում:

«Երկհարկանի շենքի յուրաքանչյուր հարկի մոտ 420 քմ տարածք է այրվել, մեծ վնաս է հասցվել գույքին: Այս պահին հաշվարկում են, թե ինչքան գույք է այրվել, ինչ վնաս է հասցրել հրդեհը ընկերությանը: Բացի դրանից տանիքն էլ է ամբողջությամբ այրվել»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 06.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երեւանի Մարշալ Բաբաջանյան 1-ին փակուղի 15/1 հասցեում գտնվող «ՍանՏեխ Մոնտաժ» ՓԲԸ-ի պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.07.-ին, մարվել` 07.18-ին:

Երկհարկանի շինության 1-ին հարկում այրվել են արտադրական նյութեր եւ գործիքներ (35 քմ), 2-րդ հարկում (420 քմ)՝ 15 հաստոց, քանդվել են տանիքի թիթեղյա կառուցատարրերը (420 քմ): Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է 1 պայթած գազի բալոն (20 կգ-ոց):