Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի մարզիչներ՝ մայր ու որդի Գոհար Նազարյանի ու Արթուր Ղազարյանի մարզական ընտանիքը երեք տարի առաջ համալրվեց ևս մեկ աթլետով: Գյումրեցի մարզուհի Լիլիթ Հարությունյանը ամուսնությունից հետո Վանաձոր տեղափոխվելով, մարզական նոր հաջողություններ բերեց այս ընտանիքին: 2015-ի ձմռանը Իրանում կայացած աթլետիկայի ձմեռային առաջնության ժամանակ նա զբաղեցրեց առաջին տեղը, մարզադահլիճային պայմաններում 800 մետրը վազելով 2.15 վայրկյանում։
Ավելի ուշ՝ ամռանը կայացած համահայկական 6-րդ խաղերում Լիլիթը արժանանացավ երկու ոսկե, մեկ արծաթե մեդալի՝ անհատական մարզաձևերում և մեկ ոսկե մեդալի՝ աղջիկների թիմային հաշվարկով` դառնալով Վանաձորի մարզիկներից ամենաշատ մեդալ ստացողը։
«Հույս չունեի, որ նման արդյունքներ կունենամ համահայկական խաղերում: Երկու տարեկան աղջկաս հետ շատ դժվար էր մարզումներին կանոնավոր մասնակցելը, շատ հաճախ ստիպված էի լինում նրան էլ ինձ հետ տանել պարապմունքների»,- ասում է Լիլիթը:
Հաջողությունները երիտասարդ մարզուհուն ոգևորել են. այժմ նա մտածում է աթլետիկայից սպորտի վարպետի նորման լրացնելու, իսկ ավելի ուշ նաև օլիմպիական խաղերին մասնակցելու մասին:
Մարզական ընտանիքում ընտանեկան քննարկումները շատ հաճախ հենց մարզական են լինում: Հատկապես մրցաշարերից հետո մարզիչներն ամենայն մանրամասնությամբ վերլուծում են իրենց սանի ձեռքբերումներն ու բացթողումները, դիտողություններ անում ու մշակում մարզուհու հետագա քայլերը:
Ամուսինն ու սկեսուրը մեծ հույսեր են կապում իրենց երիտասարդ սանի հետ եւ օգնում, որպեսզի երիտասարդ մայրիկը կարողանա մասնակցել հնարավոր բոլոր մրցաշարերին:
Մինչ մայրիկը հաջողություններ է գրանցում, ընտանիքում արդեն մտածում են երկամյա դստեր մարզական ապագայի մասին: Նրանք վստահ են. աթլետիկայի նկատմամբ սերն ու ավանդույթներն այս ընտանիքում շարունակական են լինելու:
Գայանե Սարգսյան
















