Ֆրանսիայում բնակվող վանաձորցի 25-ամյա Կարեն Կուլակյանը, նրա ընկերներ Լյուդվիգն ու Ռեմին, որոնք էլեկտրականությամբ աշխատող «Տուկ-տուկ» ավտոմեքենայով ճանապարհորդության են դուրս եկել Եվրասիա մայրցամաքով, արդեն Երեւանում են:
Տղաները երկու օր առաջ հասել են Վանաձոր, հյուրընկալվել Կարենի բարեկամներին, ապա եկել Երեւան: 23-ամյա ֆրանսիացի Ռեմի Ֆերնանդես-Դանդրեն տպավորված է հայերի հյուրընկալությամբ: Իսկ 27-ամյա գերմանացի Լյուդվիգ Մերցը ոգեւորությամբ պատմում է Հայաստանից ստացած առաջին տպավորության մասին. «Մենք հասել էինք սահման, 5-6 ավտոմեքենա էր սպասում, ու հանկարծ տղաներ եկան, ասացին՝ բարի գալուստ, եկեք անցեք, ու մեզ անցկացրին մյուս մեքենաներից ավելի շուտ: Մենք մեզ սուպերսթար զգացինք»:
Տղաները, որ Թայլանդից դուրս են եկել օգոստոսի 9-ին, մինչեւ Հայաստան հասնելը եղել են Լաոսում, Չինաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում, Վրաստանում: «Տուկ-տուկ»-ը միայն մեկ անգամ է տղաներին «դավաճանել», երբ Չինաստանում նստել է մեքենայի մարտկոցը: Տղաները մեքենան հրելով հասցրել են հյուրանոցի մոտ, որտեղ մարտկոցը միացրել են լիցքավորման:
«Տուկ-տուկ»-ին լիցաքավորման համար 12 ժամ է անհրաժեշտ, ամբողջությամբ լիցքավորված լինելու դեպքում նրանով հնարավոր է անցնել մինչեւ 250 կմ ճանապարհ՝ շարժվելով առավելագույնը 70կմ/ժ արագությամբ: Տղաները Հայաստանից կմեկնեն Թուրքիա, ապա Բուլղարիա եւ կհասնեն Ֆրանսիայի հարավում գտնվող Թուլուզ քաղաք: Նրանք նախատեսում են 120–օրյա ճամփորդության ընթացքում 20 000 կմ ճանապարհ անցնել ու լինել 15 երկրում:
Տղաներն այսօր՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան, Երեւանում մասնակցեցին «Էկո Երևան» բնապահպանական ակցիային, որին մասնակցում էին նաեւ Green Mobility (Կանաչ Շարժունակություն) ծրագրի թիմի, Սիրողական Հեծանվասպորտի և Հեծանվային Զբոսաշրջության Ֆեդերացիայի անդամներ:
«Մեր հիմնական խնդիրն է ոչ միայն ցույց տալ մայրաքաղաքի բնակիչներին, որ պետք է բնությունը մաքուր պահել, այլեւ ցույց տալ, որ էլեկտրոտրանսպորտը բավականին գեղեցիկ, այլ տեսակի տրանսպորտային միջոցներին չզիջող է: Ուզում ենք մարդկանց մոտ կոտրել կարծրատիպը, որ դրանով հնարավոր չէ երկար ճանապարհ անցնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Green Mobility ծրագրի թիմի անդամներից Վահագն Վարդումյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայում բնակվող վանաձորցի 25-ամյա Կարեն Կուլակյանն իր գերմանացի եւ ֆրանսիացի համակուրսեցիների հետ էլեկտրականությամբ աշխատող էլեկտրական «Տուկ-տուկ» ավտոմեքենայով ճանապարհորդության է դուրս եկել Եվրասիա մայրցամաքով: Երիտասարդները որոշել են ավտոմեքենայով ճանապարհորդել Թայլանդից Ֆրանսիա՝ քարոզելով մթնոլորտը չաղտոտելու գաղափարը։











