Ֆրանսիայում բնակվող վանաձորցի 25-ամյա Կարեն Կուլակյանն իր գերմանացի եւ ֆրանսիացի համակուրսեցիների հետ արեւի էներգիայով աշխատող էլեկտրական «Տուկ-տուկ» ավտոմեքենայով ճանապարհորդության է դուրս եկել Եվրասիա մայրցամաքով: Երիտասարդները որոշել են ավտոմեքենայով ճանապարհորդել Թայլանդից Ֆրանսիա՝ քարոզելով մթնոլորտը չաղտոտելու գաղափարը։
«Ուզում ենք մեր ներդրումն ունենալ մեր մոլորակի ավելի կանաչ լինելուն, ուզում ենք Եվրասիան ոտքի հանել ու ցույց տալ, որ հնարավոր է՝ երկար ճանապարհ անցնել էլեկտրական շարժիչով ավտոմեքենայով, ու հնարավոր է այնպես անել, որ տրանսպորտային միջոցների հիմնական էներգիան դառնա էլելտրականությունը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Կուլակյանը:
Թուլուզի համալսարանում սովորող Կարեն Կուլակյանն ու երկու համակուրսեցիները Թայլանդում համալսարանական փոխանակման ծրագրի ժամանակ են որոշել նման նախաձեռնություն իրականացնել:
Կարենը, Լյուդվիգն ու Ռեմին պատվիրել են եռանիվ, արեւային էներգիայով աշխատող, կանաչ «Տուկ-տուկ» ավտոմեքենան ու օգոստոսի 9-ին Թայլանդից ճանապարհ ընկել: Տղաները, որ ցանկանում էին լինել իրենց երեքից յուրաքանչյուրի հայրենիքում ու միեւնույն ժամանակ չերթեւեկել լեռնային տարածքներով, որոշել են ռիսկի դիմել ու չնայած իրենց համար անհարմար ռելիեֆին, անցնել նաեւ Հայաստանով:
«Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեպքում խնդիր չկար, բայց Հայաստանը լեռնային երկիր է, խնդիրներ կարող էին առաջանալ: Բայց տղաներն ասեցին՝ Կարեն, եթե կարծում ես կենդանի հետ կգանք, ուրեմն գնացինք»,- կատակում է Կարենը:
Երիտասարդները, որոնք նախատեսում են 120–օրյա ճամփորդության ընթացքում 20 000 կմ ճանապարհ անցնել ու լինել 15 երկրում, արդեն հասել են Վրաստան: Նրանք Հայաստանում կլինեն հոկտեմբերի 24-ին, մի քանի օրից կշարունակեն ճանապարհորդությունը դեպի Ֆրանսիա:
Այցի օրը առավոտյան նրանք Ֆրանսիական համալսարանում կմասնակցեն շրջակա միջավայրի խնդիրների մասին քննակմանը, այնուհետեւ երեկոյան Հանրապետության հրապարակում՝ «Էկո Երևան» ակցիային, որի ընթացքում էկո ավտոմեքնենաներով ու հեծանիվներով կշրջեն քաղաքում:




























