Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում Հայաստանը վտանգում է դառնալ իդեալական աշխարհաքաղաքական ավար նրանց համար, ովքեր դարերով սպասել են այն պահին, երբ կկարողանան այն բաժանել ազդեցության գոտիների։ Այս մասին հայտարարել է ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի՝ Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- նշել է Կիսելյովը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանը, որը շարունակում է ցուցադրաբար շարժվել դեպի Եվրամիություն, վտանգավոր ուղի է բռնում։
«Նախկին դաշնակիցներից հրաժարվելու և նորերին լիովին ձեռք բերելու միջև բավական ժամանակ կանցնի։ Եվ սա ենթադրություն չէ, այլ այլ պետությունների փորձից բխող փաստ․ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու իրենց հերթին սպասում են արդեն գրեթե 5 տարի, Սերբիան, Ալբանիան և Չեռնոգորիան՝ 17 տարի, Հյուսիսային Մակեդոնիան՝ 22 տարի, իսկ Թուրքիան առհասարակ սպասելու ռեկորդակիր է՝ 40 տարի եվրոպական «ծաղկող այգու» «ընկերական գոտում»»,- նշել է Կիսելյովը։
Նրա կարծիքով՝ Հայաստանն, ըստ էության, շարժվում է դեպի պետականության կորուստ։
«Թվում է, թե ամեն ինչ այնքան հեշտ է, երբ կա պետություն, կա ռուսական ռազմակայան, շուրջբոլորը կա ռազմական հավասարակշռություն, ներսում ամեն ինչ լավ է։ Իսկ երբ առանցքային բաղադրիչը՝ Ռուսաստանի մասնակցությունը տարածաշրջանում, հեռացվի ոտքերի տակից աթոռակը քաշելու պես, Հայաստանը կհայտնվի կախված վիճակում։ Շատ ցանկացողներ կգտնվեն, որոնք կուզենան Հայաստանի հաշվին շահ ստանալ, ինչպես ցույց է տալիս պատմությունը»,- հավելել է Կիսելյովը։





























