Մոտ 2000 տարի առաջ Երկրի վրա սկսեցին ձևավորվել սառցադաշտային վահաններ, ինչը նշանավորեց նոր սառցադաշտային ժամանակաշրջանի սկիզբը։ Սակայն պետք չէ սպասել մամոնտի մորթիների և ժայռապատկերների վերադարձին․ XX դարում կլիմայի փոփոխությունը հանգեցրեց սառցադաշտային վահանների հալվելուն, և այդ գործընթացը դադարեց։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Science գիտական հանդեսում։
Տեխնիկական տեսանկյունից Երկիրը ներկայում մոտ 34 միլիոն տարի առաջ սկսված սառցադաշտային դարաշրջանի մեջ է, քանի որ մոլորակի վրա՝ Անտարկտիդայում և արկտիկական Գրենլանդիայում, առ այսօր ամբողջ տարին պահպանվում են խոշոր մայրցամաքային սառցադաշտային վահաններ։
Սակայն այս համընդգրկուն սառցադաշտային դարաշրջանի ընթացքում մոլորակի վրա հերթագայվում են ավելի ցուրտ սառցադաշտային և ավելի տաք միջսառցադաշտային ժամանակաշրջանները, հաղորդում է Planet Today-ը։ Այժմ մենք գտնվում ենք այդպիսի տաք միջսառցադաշտային ժամանակաշրջաններից մեկում, որը սկսվել է մոտ 11 հազար 700 տարի առաջ։
Առօրյա խոսքում «սառցադաշտային դարաշրջան» եզրույթը սովորաբար վերաբերում է սառցադաշտային ժամանակաշրջանին, և հենց այդ իմաստով էլ այն օգտագործվում է այս հոդվածում։
Մոտ 2000 տարի առաջ մոլորակի վրա, ըստ երևույթին, սկսվել է նոր, ավելի ցուրտ սառցադաշտային ցիկլ, և Արկտիկայի փոքրացող սառցադաշտային վահանները սկսել են կրկին աճել։
Ինչպես ցույց են տալիս նոր հետազոտությունները, Հյուսիսային Ամերիկայի Լավրենտյան սառցադաշտային վահանը լիովին հետևում է այս միտմանը։ 95 հազարից մինչև 20 հազար տարի առաջ այս սառցե հսկան ծածկում էր մայրցամաքի հսկայական տարածքներ՝ ձգվելով Հյուսիսային բևեռային շրջանից մինչև Իլինոյս։
Այսօր սառույցի մեծ մասը հալվել է, և դրանից մնացել է միայն Բարնսի սառցածածկույթը՝ Կանադայի Նունավուտ տարածքի Բաֆին կղզում։ Սակայն դրա մակերեսի նման կրճատումը զարմանք է առաջացնում։
Նոր հետազոտության շրջանակում Կոլումբիայի համալսարանի և Բոլդերում գտնվող Կոլորադոյի համալսարանի կլիմայագետներն իրենց գործընկերների հետ ուսումնասիրել են Լավրենտյան սառցադաշտային վահանի ճակատագիրը՝ հետազոտելով Բարնսի սառցածածկույթի ներսում պահպանված բուսականությունը։
Նրանք նաև ուսումնասիրել են բերիլիում-10-ի մակարդակները․ դա ռադիոակտիվ իզոտոպ է, որը կուտակվում է ապարներում արևի լույսի ազդեցության տակ՝ թույլ տալով որոշել, թե որքան ժամանակ առաջ է սառույցը նահանջել և մերկացրել ցամաքը։
Հետազոտողները պարզել են, որ սառցածածկույթն իր նվազագույն չափին հասել է մոտ 3000 տարի առաջ, սակայն սկսել է ընդարձակվել մոտ 2000 տարի առաջ, երբ կլիման փոքր-ինչ ցրտել է։ Գիտնականները պնդում են, որ սա վկայում է մոլորակի վրա հաջորդ սառցադաշտային ժամանակաշրջանի սկսվելու մասին։
Դեռ 60 տարի առաջ սառցածածկույթը շարունակում էր մեծանալ։ Այնուհետև ջերմաստիճանի բարձրացումը հանկարծակի կանգնեցրեց դրա ընդարձակումը։
«Ամեն ինչ նոր էր սկսվում, ամեն ինչ բնականոն էր ընթանում, հաջորդ սառցապատումը պետք է որ ուր որ է սկսվեր, սակայն, այնուամենայնիվ, այն դադարեց,- հայտարարել է հետազոտության համահեղինակ Նիկոլաս Յանգը՝ Կոլումբիայի կլիմայի դպրոցի կազմում գործող Լամոնտ–Դոհերթի Երկրի աստղադիտարանից։- Սա շատ ակնառու օրինակ է այն բանի, թե ինչպես ենք մենք ցնցել համակարգը»։
Այժմ, կարծես, հաջորդ սառցադաշտային ժամանակաշրջանի սկսվելու հավանականությունը զրոյի է հասցվել։ Ուղեկցող հոդվածում Մեդիսոնում գտնվող Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր Շոն Մարկոտը պնդում է, որ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխությունները կարող են հաջորդ սառցադաշտային ժամանակաշրջանը հետաձգել «հարյուր հազարավոր տարիներով»։
Հանածո վառելիքից հրաժարվելը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել այս կլիմայական ցիկլերի հավասարակշռության վերականգնմանը, սակայն արդյունքն անորոշ է։
«Երբևէ նոր սառցադաշտային ժամանակաշրջան կսկսվի՞։ Հաջորդ կանխատեսվող ցիկլի ընթացքում հաջորդ սառցադաշտային ժամանակաշրջանի սկիզբը սովորաբար քիչ հավանական է համարվում, սակայն, ի վերջո, բաց թողնվելիք սառցադաշտային ցիկլերի քանակը կախված է մարդկության ընդունած որոշումներից և կապված է ածխածնի ապագա արտանետումների հետ»,- գրում է Մարկոտը։
«Ներկայում մարդիկ երկրաբանական ազդող ուժ են, որն ունակ է խախտելու միլիոնավոր տարիներ տևող բնական սառցադաշտային ցիկլերը և հարյուր հազարավոր տարիներ առաջ ընկած հեռանկարում հակակշռելու Երկրի կլիմայի փոփոխությունը։ Ապագա սառցադաշտային ցիկլերի բացակայությունը խոր հետևանքներ կունենա վերջին 2 միլիոն տարվա երկրաբանական պատմության համատեքստում և կազդի այլ կենսաբանական ու ֆիզիկական համակարգերի վրա, որոնք զարգացել են սառցադաշտային ժամանակաշրջանների հետ համատեղ»,- եզրափակել է նա։





























