Գերմանական ավտոարտադրողները բախվել են Չինաստանում վաճառքի կտրուկ անկմանն ու Եվրոպայում չինական ընկերությունների աճող մրցակցությանը։ Երրորդ եռամսյակում Volkswagen-ը Չինաստան է մատակարարել մոտ 406 հազար ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 38,5%-ով պակաս է։ Միաժամանակ կոնցեռնը հայտնել է եռամսյակում 5,8 միլիարդ եվրոյի վնասի մասին, գրում է Bild-ը։
2026 թվականի սկզբից Չինաստանում Mercedes-Benz-ի վաճառքը կրճատվել է 29%-ով, իսկ նրա համատեղ ձեռնարկությունը՝ Beijing Benz Automotive-ը, երկրորդ եռամսյակում կրել է 560 միլիոն եվրոյի վնաս։ Միաժամանակ էլեկտրամոբիլներ արտադրող չինական BYD ընկերության նոր ավտոմեքենաների գրանցումների թիվը Գերմանիայում աճել է 150%-ով՝ հասնելով 206 հազարի։
Գերմանական արդյունաբերության խնդիրների ֆոնին կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ասիա կատարած այցի ընթացքում առաջարկել է ստեղծել միջազգային առևտրային դաշինք՝ Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսական ճնշմանը դիմակայելու համար։ Ճապոնիայում և Հարավային Կորեայում նա հանդես է եկել մատակարարման շղթաների ամրապնդման, ռազմավարական նշանակություն ունեցող հումքի և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ինչպես նաև ազատ առևտրի համաձայնագրերի ընդլայնման օգտին։
«Երբ մատակարարման համաշխարհային շղթաներն օգտագործվում են որպես քաղաքական գործիք, երբ դժվարացվում է առանցքային տեխնոլոգիաների ազատ հասանելիությունը, երբ հումքով ապահովումը վերածվում է ուժային քաղաքականության գործիքի, դա սպառնում է ամբողջ տարածաշրջանների աճին, բարեկեցությանը և, ի վերջո, անվտանգությանը»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը։





























