MV Odyssey զբոսանավի շուրջ 200 ուղևոր հայտնվել է Կամբոջայում՝ շուրջերկրյա ճանապարհորդության անսպասելի չեղարկումից հետո։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան ամերիկյան Villa Vie Residences օպերատորը հայտնել է, որ վառելիքի ծախսերի կտրուկ աճի պատճառով դադարեցնում է նավի շահագործումը։
Ուղևորներին ընդամենը մոտ յոթ ժամ են տվել՝ իրերը հավաքելու և Սիհանուկվիլ նավահանգստում նավը լքելու համար։ Նրանցից շատերը՝ հիմնականում թոշակառուներ, վաճառել էին իրենց տներն ու այլ ունեցվածքը՝ ակնկալելով կյանքի մնացած մասն անցկացնել նավի վրա, հաղորդում է Bild-ը։ Այժմ ճանապարհորդների մի մասն, ըստ էության, մնացել է առանց կացարանի։
Ուղևորներներից ոմանք նավախցիկների համար հարյուր հազարավոր դոլարներ են վճարել։ Այսպես, 69-ամյա ամերիկուհի Քերոլ Լարսոնը նավում բնակվելու իրավունք է ձեռք բերել 120 հազար դոլարով՝ լրացուցիչ ամսական վճարումներ կատարելու պայմանով։ Ավստրալուհի Ֆրենսիս Պարուազիենը նախատեսում էր նավում ապրել 15 տարի, իսկ ամուսիններ Ռենդի և Քիթ Քասինգեմները ճանապարհորդության վրա ծախսել են մոտ մեկ միլիոն դոլար։
«Նավը լքելու անսպասելի կարգադրությունը բազմաթիվ թոշակառուների և հեռավար աշխատողների թողել է առանց կացարանի»,- հայտարարել է Կամբոջայի նահանգներից մեկի փոխնահանգապետ Լոնգ Դիմանշը։
Ըստ Villa Vie Residences-ի ղեկավար Միքայել Պետերսոնի՝ ընկերության ամսական ծախսերն աճել են մոտ 400 հազարից մինչև երկու միլիոն դոլար։ Օպերատորը նախատեսում է ԱՄՆ-ում սնանկության ընթացակարգ սկսել։
Նավը հոկտեմբերի 31-ին պետք է վառելիք լիցքավորի և լքի Կամբոջան, սակայն դրա հետագա երթուղին անհայտ է։ Պարզ չէ նաև՝ ուղևորները կկարողանա՞ն վերադառնալ իրենց նավախցիկները և փոխհատուցում կստանա՞ն արդյոք ընդհատված ճանապարհորդության համար։





























