Վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի հարավում գտնվող իսրայելական ավիաբազաներում վայրէջք է կատարել ավելի քան 10 ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Ռազմական տեխնիկայի տեղափոխումների մասին հայտնում է The Times of Israel-ը։

Վերջին բեռնափոխադրող չվերթների մեծ մասն իրականացրած ինքնաթիռները մեկնել են Թեքսաս նահանգի Էլ Պասո քաղաքում գտնվող Բիգս ռազմական օդանավակայանից։ Ըստ տվյալների՝ ինքնաթիռներն ուղևորվել են երկրի հարավում գտնվող՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի Նևաթիմ և Օվդա ավիաբազաներ։

Վերջին օրերին նաև մի շարք այլ չվերթներ են իրականացվել՝ ամերիկյան ռազմական բեռներ հասցնելու Մերձավոր Արևելքի այլ երկրներում, դրանց թվում՝ Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Կատարում և Քուվեյթում տեղակայված ԱՄՆ բազաներ։

Հայտնի չէ, թե ինչ բեռ են տեղափոխել տրանսպորտային ինքնաթիռները, սակայն ենթադրվում է, որ այն կապված է տարածաշրջանում իր հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու ԱՄՆ ջանքերի հետ՝ Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր նոր փուլի նախաշեմին։