Գիտնականները վաղուց փորձում են պարզել, թե ինչպես է մեր մոլորակի վրա հայտնվել ջուրը՝ կյանքի գլխավոր աղբյուրը։ Նոր հետազոտությունը ենթադրում է, որ ջրի մեծ մասն իրականում տիեզերքից չի հասել Երկիր, այլ առաջացել է հենց մոլորակի վրա՝ դրա ձևավորման ընթացքում՝ 4,5 միլիարդ տարի առաջ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Geoscience գիտական հանդեսում։

Երկիրը և Արեգակնային համակարգի մյուս մոլորակները ձևավորվել են երիտասարդ Արեգակը շրջապատող՝ գազից և փոշու պինդ մասնիկներից բաղկացած սկավառակից։ Այնտեղ, որտեղ ձևավորվել է Երկիրը, Արեգակի ճառագայթումն այնքան հզոր էր, որ ջրի մոլեկուլները, ամենայն հավանականությամբ, տրոհվում էին ջրածնի և թթվածնի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ որտեղի՞ց է Երկրի վրա այդքան մեծ քանակությամբ ջուր հայտնվել։

Ենթադրվում է, որ ջրով հարուստ սառցե մասնիկները ձևավորվել են Արեգակից հեռու, ապա գիսաստղերի և երկնաքարերի կազմում հայտնվել Երկրի վրա։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր, որ ձևավորման փուլում երիտասարդ Երկրին բախվեին հսկայական թվով գիսաստղեր և երկնաքարեր։ Հետազոտության հեղինակները դա քիչ հավանական են համարում, ուստի իրենց ուսումնասիրության մեջ առաջարկում են ջրի ծագման այլ աղբյուր։ Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Երկրի ջրի մեծ մասն առաջացել է հենց մոլորակի վրա։

Շատ գիտնականներ կարծում են, որ Երկիրը ձևավորվել է փոքր քարային բեկորների կուտակման արդյունքում, որոնցից աստիճանաբար մոլորակային մարմին է գոյացել։ Զանգվածի ավելացմանը զուգընթաց աճող մոլորակի շուրջ կարող էր ձևավորվել ջրածնով հարուստ տաք ու խիտ մթնոլորտ, հայտնում է «Ֆոկուսը»։ Գիտնականների կարծիքով՝ քարային բեկորները շարունակում էին ընկնել՝ անցնելով այդ մթնոլորտի միջով։ Դրանցում պարունակվող երկաթի օքսիդը փոխազդում էր ջրածնի հետ, ինչի արդյունքում առաջանում էին մաքուր երկաթ և ջրային գոլորշի։ Այս կերպ կարող էր հսկայական քանակությամբ ջուր առաջանալ։

Այս տեսությունը ստուգելու համար գիտնականները լեռնային ապարների նմուշները ջրածնի հոսքերում տաքացրել են մինչև Ցելսիուսի 1200–1400 աստիճան։ Պարզվել է, որ վաղ Երկրին բնորոշ պայմաններում ջուրն առաջանում է ընդամենը մի քանի րոպեում։ Փորձերի ընթացքում նմուշներում առկա երկաթի օքսիդի գրեթե 80%-ը վերածվել է մաքուր երկաթի՝ միաժամանակ արտազատելով ջրային գոլորշի։

Այս հայտնագործությունը կարևոր նշանակություն ունի արտերկրային կյանքի որոնման համար։ Ըստ նոր հետազոտության՝ այլ աստղային համակարգերի երկրատիպ քարային մոլորակներում ջուրը կարող էր առաջանալ այնպես, ինչպես Երկրի վրա։ Դա նշանակում է, որ քարային մոլորակների շարքում հեղուկ ջուր ունեցողները կարող են շատ ավելի մեծաթիվ լինել։ Հետևաբար՝ դրանց վրա կարող է նաև արտերկրային կյանք գոյություն ունենալ։