Հետախույզ Զորիկ Գեւորգյանին ընկերները oдинокий волк էին ասում, հետախուզական առաջադրանքների հիմնականում միայնակ էր գնում։ Զորիկին այդ մականունը դուր էր գալիս նաեւ այլ պատճառով։
«Զորիկս գայլ շատ էր սիրում, ասում էր՝ գայլը միակ կենդանին է, որին հնարավոր չէ կրկեսում վարժեցնել»,– պատմում է հետախույզի մայրը։
Մշտապես անհանգստացող մորը Զորիկը միշտ նույն պատասխանով էր հանգստացնում. «Մամ ջան, քո աղոթքն ինձ կպահի»։ Մայրը հավատում էր դրան ու աղոթում, բայց 2014թ. օգոստոսի 1–ին մոր աղոթքը նույնիսկ չկարողացավ փրկել որդուն նրա ճակատագրից։
«Հուլիսի 30-ին պետք է գար, որ ընկերոջ հարսանիքին գնայինք: Նախապես դստերս հետ շորեր գնեցինք նրա համար, որ հարսանիքի գնալիս հագնի: Վերջին պահին միտքը փոխել էր: Ասաց՝ մամ ջան, ես զինվորներիս հետ պոստեր եմ գնալու, չեմ կարող իմ զինովորներին թողնել, գալ… Մի քանի օրից արձակուրդ էին տալու: Ասաց՝ մամա ջան, մի քանի օր էլ դիմացի, կգամ: Դժվարությամբ, բայց համաձայնեցի, ասացի՝ լավ, Զորիկ ջան, դե զգույշ կլինես»,– վերհիշում է մայրը` տիկին Հերմինեն։
Հետո մայրը իմացավ, որ որդին ընկել է հերոսի մահով` փրկելով ընկերներին, թշնամու հետ անհավասար կռվում վիրավորվելով երեք տեղից։
Տիկին Հերմինեն գիտի, որ նույնիսկ եթե ժամանակը հետ տային, ինքը չէր կարողանալու կանգնեցնել որդուն։ Դա նրան չհաջողվեց այն ժամանակ, երբ որդին որոշեց դիմել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Զինվորական գործի նկատմամբ սերը, ասում է, զինծառայող հորից եւ մորեղբորից էր ժառանգել։
Այսօր Զորիկի մորն ապրելու ուժ է տալիս միայն հերոս որդու մասին հիշողությունները, երազներում նրա հետ հանդիպումը ու հույսը, որ մի օր իրենք կրկին միասին կլինեն։
Մինչեւ այդ նա ամեն օր կշարունակի աղոթել որդու հոգու հանգստության համար, իսկ որդու հիշատակը վառ կպահի նրան նվիրված` զորամասին կից կառուցված մատուռը, որտեղ այսօր աղոթում են զորամասում ծառայող մյուս զինվորներին այցի եկած մայրերը։
Զորիկ Գևորգյանին հետմահու շնորհվել է կապիտանի կոչում։ Նա մի շարք մեդալների է արժանացել. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով։











