Փարիզի «Բատակլան» համերգասրահում պատանդների թիվն անցնում է 100-ից։ Վերջին տվյալներով, զոհերի թիվն առնվազն 60 է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ոստիկանությունը չի բացառում, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել։
Ահաբեկչություններ են եղել Ֆրանսիայի մայրաքաղաքի վեց տարբեր վայրերում, բոլորն էլ Փարիզի աջ ափին։ Փարիզի ոստիկանության տվյալներով, ահաբեկչություններ են եղել «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ։ Երեք նռնակ են պայթեցրել Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը դիտող Օլանդին անհապաղ տարհանել էին, իսկ ոստիկանությունը փակել է մարզադաշտի դռները եւ մարդկանց արգելել դուրս գալ՝ վախենալով ահաբեկչությունների կրկնությունից։
ՏԱՍՍ-ի տեղեկություններով, համերգասրահում սպանվել է 15 մարդ, մարզադաշտի մոտ՝ 3-ը։
«Բատակլան» համերգասրահում պատանդ վերցրած ահաբեկիչները, ըստ ականատեսների, հայտարարել են, թե վրեժ են լուծում Սիրիայի համար։
Քիչ առաջ հրաձգություն է եղել նաեւ Les Halles առեւտրի կենտրոնում։
Այս պահին Փարիզում ոստիկանությունը որոնում է ահաբեկիչներին։ Ֆրանսիայի նախագահը Կառավարության արտակարգ նիստ է գումարել Ելիսեյան պալատում։ Օլանդը հայտարարել է, թե արտակարգ դրություն է մտցնելու Ֆրանսիայում, փակելու է սահմանները։











