Հայաստանում չի կարող լինել ստվերային ղեկավարություն, բացառված է: Այս մասին հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանադրական փոփոխություններից հետո իշխող ուժի առաջնորդը անգամ չլիներով նախագահ,  վարչապետ, ԱԺ նախագահ, կարող է ստվերային կառավարում իրականացնել երկրում:

«Իմ պրոբլեմների մի մասը նաեւ դրա պատճառով է, որ ես համաձայն չեմ մեր երկրի ստվերային կառավարմանը: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց գիտեք այդ առիթով մի շատ հետաքրքիր գաղափար է գալիս: Թվարկեցիր նախագահ, վարչապետ, մեր կուսակցականները հայտարարել են նաեւ Ազգային ժողովի նախագահ չլինելու մասին: Վաղը, եթե ես հայտարարեմ, որ նաեւ կուսակցության նախագահ չեմ լինելու, ես վստահ եմ, որ ցուցարարները սկսելու են խոսել, որ եթե Սերժ Սարգսյանը լինի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ապա մեր երկրում իշխանությունը նրանն է լինելու: Դե, գիտե՞ք՝ ամեն ինչ չափ ունի:

Բայց ի՞նչ է խանգարում իրենց գնալ եւ մասնակցել ընտրություններին, ջանք ներդնել, ոչ թե Երեւանում նստել եւ, ներողություն, տարբեր դիրքեր ընդունել կամ հանրահավաքի ժամանակ, կամ հեռուստաեթերով հոխորտալ, մեծ-մեծ խոսել: Փոխարենը թող գնան սկզբնական կառույցներ ձեւավորեն: Թող գնան մասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Չեն մասնակցում, չեն աշխատում ու հետո ուզում են համապետական ընտրություններին ստանալ մեծամասնություն: Այդպես չի՛ լինում: Չի՛ լինում այդպես»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում, եղել են 30.000 ընտրական իրավունքի սուբյեկտներ, այսինքն, 30.000 մարդ ունեցել է ընտրությունները վերահսկելու, հսկողություն իրականացնելու գործառույթ: «30.000-ից 14.500-ը ընդդիմադիր էին՝ ներկայացնում էին կուսակցություններ: Նրանք հանձնաժողովի անդամներն են, վստահված անձինք, դիտորդներ եւ այլն: Այսինքն, 30.000 մարդ կարող էր բողոք բերել: Եվ եթե հետ դառնաս, վերհիշես, կտեսնես, որ ընդամենը մեկ բողոք է եղել: Երբ ասում են՝ ընտրությունները կեղծել են, ասում են՝ այս, այն: Եթե կեղծել ենք ընտրությունները, բա ինչու՞ բողոքներ չկան, ինչու՞ չեն գրանցվում այն խախտումները, որոնք իրենք տեսնում են: Նաեւ դա եմ ասում՝ այս նախագահական համակարգը հենց դրանով է նաեւ վատ, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Նույնիսկ, եթե այդ հաղթողի եւ պարտվողի ձայների տարբերությունը ընդամենը մեկ կամ երկու տոկոս է. մեկը ստացել է 51 տոկոս՝ նա նախագահ է ամբողջական իշխանությամբ, մեկը ստացել է 49 տոկոս եւ ոչինչ չունի: Եվ այդ մարդն իր կյանքի նպատակն է համարում հինգ տարի անընդհատ վարկաբեկել ընտրությունը, վարկաբեկել հաղթողին: Բանը հասնում է նրան, իհարկե, Տիզբոն չեն գնում, որովհետեւ Տիզբոն չկա հիմա, գնում են այլ մայրաքաղաքներ, բամբասում՝ սեփական իշխանություններից: Այսինքն` դավաճանությունը ինչպե՞ս է լինում»,-ասել է նա:

«Մենք պարտադրում ենք մարդկանց, որովհետեւ համակարգն է այդպիսին, որովհետեւ ինքն այլեւս շանս չունի, որ մեկ տարի, կես տարի, տարի ու կես հետո ունենալու է իշխանություն իր ծրագրերը իրականացնելու համար: Իսկ խորհրդարանական համակարգն այդ հնարավորությունը տալիս է, եթե մի կուսակցություն ստացել է կայուն մեծամասնություն, իսկ կայուն մեծամասնությունը այն մեծամասնությունն է, որ հնարավորություն է տալիս պարզ օրենքներ ընդունելու: Այսինքն, դա կարող է լինել 52, 54, 55… Մենք դեռեւս Վենետիկի հանձնաժողովի հետ կխոսենք: Մեկը ստացել է 51, մյուսը՝ 49, պատկերացնու՞մ եք, որ քաղաքական մի ուժ խորհրդարանում ունենա 49 տոկոս: Նույնիսկ ոչ 49, այլ՝ 40 տոկոս: Այսինքն` իր քննադատությամբ, իր գործուն լինելով նա կարող է չէ՞ շատ մեծ օգուտ տալ: Ի վերջո, ինչպես ասացի, այդ մեծամասնություն ասվածը, որ այդքան շատ ասում եք՝ կայուն մեծամասնություն, դա կարծրացած չի, չէ՞: Այդ կայուն մեծամասնությունն էլ է շարժվում: Վաղը, մյուս օրը հնարավոր է այդ կայուն մեծամասնությունից երեք, չորս հոգի անցնեն մեկ այլ տեղ, եւ չկա այլեւս այդ կայուն մեծամասնությունը, չկա: Մեկ ուրիշն է դառնում կայուն մեծամասնություն: Այսինքն` կես տարի հետո, մեկ տարի, երկու տարի հետո հնարավոր է լինի իշխանափոխություն, կստիպի այդ մարդուն զբաղվել այդ 49 տոկոս ձայներով, զբաղվել՝ այդ ձայները տեղավորել կուսակցական կառույցներում, նույնիսկ եթե նա այդ ձայները ստացել է դեմ լինելով իշխանություններին: Այսինքն՝ բողոքավոր ընտրողների ձայներն են դրանք: Պետք է տեղավորել, պետք է կառուցակարգել, բայց նրանք փոշիացնում են դա, փոշիացնում են, որովհետեւ այլեւս մոտակա 5 տարիներին այդ ընտրազանգվածը իրենց պետք չէ, հոգս է, չէ՞. հոգս է զբաղվել 100 հազար, 200 հազար, 300 հազար մարդով: Դու պետք է կարողանաս առավոտյան 9-ից միջեւ 11-12-ը աշխատել, որ կարողանաս այդ մարդկանց ինչ-որ չափով բավարարել: Նույնիսկ այդ մարդկանց հոգսը լսելով՝ կարող ես որոշակի խնդիրներ լուծել, իսկ իրենք այլեւս պետք չեն: Եթե դա, կրկնում եմ, լինի կուսակցական համակարգ՝ տեղավորելով այդ ձայները կուսակցական կառույցներում, իհարկե, ամբողջը չես տեղավորի, բայց արդեն կառույցներ կունենաս: Լավ, ինչի՞ է նման, որ իրենց շատ ուժեղ քաղաքական կուսակցություն հորջորջողները այսօր, երբ իրենք սահմանադրական բարեփոխումները համարում են ինչ-որ աշխարհացունց իրադարձություն, չեն կարողանում հանձնաժողովի նույնիսկ կեսերում անդամներ առաջադրել: Մարդը, եթե չի կարողանում հանրապետությունում գոնե բոլոր ընտրատեղամասային հանձնաժողովներում իր ներկայացուցիչը առաջադրի, նա ընդհանրապես իրավունք ունի՞ այդքան մեծ-մեծ խոսելու: Վաղը Տիգրան Մուկուչյանին զանգեք, հարցրեք՝ ո՞ր կուսակցությունները որքանո՞վ են ներկայացված հանձնաժողովներում: Իսկ որպեսզի իրենք ներկայացված լինեին հանձնաժողովում, հիշու՞մ եք՝ խորհրդարանում ի՞նչ կռիվներ էին տալիս: Եվ ես տպավորություն ունեմ, որ խորհրդարանի այդ կռիվներն ավելի շատ ներկայացումներ են, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ կռիվ է տալիս, այլ ոչ թե նրա համար, որ հետո այդ իրավունքից օգտվի: Կուսակցականաստեղծ աշխատանքը շատ բարդ աշխատանք է»,- իր խոսքն է ամփոփել Հանրապետության նախագահը: