76-ամյա Սերյոժա Պողոսյանն ապրում է Սպիտակի կտրված թաղամասերից մեկում դրված վագոն տնակում, զուրկ տարրական կոմունալ-կենցաղային պայմաններից:

«Մի հատ եկեք իմ վագոնը տեսեք, տեսեք թե ինչ վիճակում եմ ապրում: Վագոնս նույնիսկ հատակ չունի, բետոնի վրա եմ»,- NEWS.am–ի հետ զրույցում ասում է Սերյոժա պապը։

Վերջինը երկրորդ կարգի հաշմանդամ է: Ինչպես ինքն է նշում, մշտապես տարբեր դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտություն ունի եւ 52.000 դրամ թոշակի ու 17.000 դրամ նպաստի մի մասն ստիպված է լինում ծախսել դեղ գնելու համար:

Սերյոժա պապին ստացած գումարը չի բավարարում ապրելու համար: Գոյության պայքարը սրվում է հատկապես ձմռան ամիսներին, երբ վագոն-տնակը ջեռուցելու համար ստիպված է լինում վառելափայտի համար դիմել տարբեր ատյանների:

Տեղական ու մարզային իշխանություններից վերջինը դժգոհ է, ասում է, որ բազմիցս է դիմել թե Լոռու մարզպետին, թե Սպիտակի քաղաքապետին, օգնել են, սակայն ոչ միշտ:

Առօրեական խնդիրներից զատ Սերյոժա պապը կարևորում է հատկապես իր բնակարանով ապահովման հարցը:

«Երկրաշարժից հետո հերթացուցակում 20-րդ հերթն էի, հետո հետս կոնտր ընկան, դարձրին 164-րդ հերթը, հիմի հերթացուցակում 36-րդն եմ»,- ասում է նա ու չի հասկանում, թե ինչպե՞ս կարող էր իր հերթի համարն այդքան տատանվել: Նրա կարծիքով` իր հետ մարզային իշխանությունները «թարսվել են» ան բանից հետո, երբ նախորդ ընտրություններին ինքը հանդես է եկել որպես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ։

Երկրաշարժից 27 տարի անց Սերյոժա պապն էլ չի ցանկանում սպասել: Համբերությունն արդեն սպառվել է ու նա ցանկանում է գոնե ծերության օրերն անցկացնել իր տանը:

Օրերս Վանաձորում անցկացված «Նոր Հայաստանի» հանրահավաքի ժամանակ Սերյոժա պապնը ելույթ էր ունեցել ու պատմել իր խնդիրների մասին, սակայն դրանից հետո էլ ոչ մի արձագանք տեղական իշխանություններից չի եղել։