Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ քաշքշուկ է եղել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ «Ընդդիմության միացյալ շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը իր ելույթի ժամանակ հրահանգեց մի վրան տեղադրել հրապարակում, հենց այդ պահին ոստիկանները հարձակվեցին եւ խլեցին վրանը։ (ֆոտոռեպորտաժ)
Քաշքշուկ սկսվեց, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վալերի Օսիպյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց։ Ցուցարարները հրելով ոստիկանների խմբին դուրս հանեցին բազմության միջից։
Մինչ այդ ելույթ էր ունենում Ժիրայր Սեֆիլյանը, որը նախ կոչ արեց Հայկ Կյուրեղյանին դուրս գալ հացադուլից։ Նա նաեւ հայտարարեց, թե կիրակի ժամը 20-ին հրապարակը պետք է լցվի եւ լեփ-լեցուն լինի։ «Մենք չենք ուզում հարյուր հազարավոր մասսաներ, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին պատրաստ ենք ամեն գնով, արմատական, վճռական, պատասխանատու քայլերի գնալու։ Սակայն պիտի ժողովուրդը մասնակից լինի։ Հայությունը պետք է գիտակցի, որ ձեւավորվել է մի բեւեռ, որը հակառակորդը չի կարողանալու ճնշել ոչ մի ձեւ։ Մեր որոշման վրա չի կարող ազդել»,- ասել է Սեֆիլյանը։
Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին հանրահավաք եւ երթ է արել, որի ընթացքում մի քանի միջադեպեր են գրանցվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Երթից հետո «Նոր Հայաստանը» անժամկետ նստացույց էր սկսել Երեւանի Ազատության հրապարակում։






Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











